Երեկ կեսգիշերն անց ադրբեջանական հարձակման հետևանքով կա առնվազն 49 զոհ, վիրավորների ստույգ թիվ ռազմական գործողություններից 19 ժամ անց պետական մարմինները չեն հայտնել։
«Այդ թիվը, ցավոք, վերջնական չէ, պաշտոնական լրատվությունը պետք է ստուգվի և վերստուգվի, նոր հրապարակվի, այս է պատճառը, որ մենք մինչև վստահ չենք լինում զոհված զինվորի կամ սպայի ինքնության վերաբերյալ, որևէ տվյալ չի հրապարակվում», - այսօր Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ադրբեջանը կեսգիշերին հարձակվել է Հայաստանի 3 մարզերի՝ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի արևելյան սահմանների ուղղությամբ՝ նախ 4, ապա ևս մի քանի ուղղություններով։ Ու մինչ առավոտյան Մոսկվան հայտարարում էր, թե հույս ունի, որ իր միջնորդությամբ ձեռք բերված հրադարարը կպահպանվի, Հայաստանի պաշտպանության նախարարության հրապարակած վերջին՝ ժամը 18-ի տեղեկություններով` իրավաճակը սահմանների որոշ հատվածներում մնում է լարված։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչո՞ւ հարձակվեց Ադրբեջանը. Փաշինյանը մի քանի պատճառ նշեց«Չնայած իրավիճակի կայունացման մասին դեռ վաղ է խոսել, սակայն կեսգիշերից արձանագրված հրետակոծության ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։
Հակառակորդը, հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ, ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում է ողջ ծավալով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները», - տեղեկացրեց Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը:
Նա հավելեց, որ կեսգիշերից մինչև հիմա ադրբեջանական ուժերը շարունակում են թիրախավորել խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Բաքուն կեսգիշերից հետո սահմանային իրադրության մասին ոչինչ չի հայտնել, իսկ ժամեր առաջ հաղորդել է, որ Ադրբեջանի նախագահը զինված ուժերի ղեկավարության հետ խորհրդակցություն է անցկացրել, Ալիևին զեկուցվել է, թե «երկու երկրների սահմանին հայկական զինված ուժերի սադրանքները կասեցվել են, բոլոր անհրաժեշտ առաջադրանքներն ու հանձնարարությունները կատարվել են, իսկ լարվածության պատասխանատվությունը Հայաստանի ղեկավարությունն է կրում»:
Մինչ այդ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը այսօր ժամը 14-ի դրությամբ էլ խոսում էր սահմանների որոշ հատվածներում իրադրության ծայրահեղ լարված լինելու մասին, հաղորդվում էր խաղաղ բնակիչների շրջանում վիրավորների մասին։
Խաղաղ բնակիչների շրջանում վիրավորները 3-ն են, ըստ Առողջապահության նախարարության՝ նրանցից մեկի վիճակը ծանր է։
Ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի արևելյան սահմանների ուղղությամբ ագրեսիայի մասին հայտնի դարձավ երեկ կեսգիշերն անց նախ բնակիչներից, ապա քիչ անց Պաշտպանության նախարարությունը հայտնեց՝ հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, խոշոր տրամաչափի զինատեսակներ ու սկսել ինտենսիվ կրակ։ Գիշերվա 3-ին չդադարող կրակահերթի մասին պատմող բնակիչներն ասում էին՝ Սոթքում արկեր էին ընկել, նախարարության խոսնակն արդեն հաղորդում էր զոհերի մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Տանն էինք, երբ արկն ընկավ, տունը փլվել է». Սոթքի բնակիչները տարհանվել ենՈղջ գիշերվա ընթացքում պաշտպանական գերատեսչությունը խոսեց ծայրահեղ լարված իրադրության մասին` առավոտվա 8-ին էլ նշելով` իրավիճակը նույնն է. ադրբեջանական ուժերը կիրառում էին հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով, ընդ որում՝ թիրախավորելով թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։
Պաշտպանական գերատեսչությունն օրվա ընթացքում մի քանի անգամ հայտնեց՝ Ադրբեջանը դիրքային առաջխաղացման փորձեր է անում, սակայն չմանրամասնեց՝ այդ փորձերը ստացվել են, թե ոչ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գիշերը հաղորդել էր, թե «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները հայ-ադրբեջանական պետական սահմանին լայնածավալ սադրանք են սկսել», ավելի ուշ տեղեկացրին, որ ունեն կորուստներ, վնասներ են կրել նաև ռազմական ենթակառուցվածքները, սակայն առանց մանրամասների։