Նախագահը դիմում է միջազգային գործընկերներին՝ դատապարտելու ադրբեջանական զինուժի ոտնձգությունները

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը դիմում է միջազգային գործընկերներին՝ դատապարտելու ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություններն ու սադրանքները, կոչ անելով միջազգային իրավունքի նորմերին համաձայն հարկադրել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հրաժարվել ուժի կիրառման սպառնալիքի և բռնության սանձազերծման գործելաոճից:

Հայտարարության մեջ նախագահը նշում է, որ ակնկալում է` ՀԱՊԿ գործընկերները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ համապատասխան կառույցները ու միջազգային հանրությունը միասնական՝ համարժեք և հասցեական գնահատականներ կհնչեցնեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի հիմնարար՝ տարածքային ամբողջականության սկզբունքի կոպտագույն խախտման, խաղաղության օրակարգի խաթարմանն ուղղված ագրեսիայի վերաբերյալ:

Վահագն Խաչատուրյանը նաև միասնականության կոչ է արել ինչպես քաղաքացիներին, այնպես էլ բոլոր քաղաքական ուժերին, կուսակցություններին և հասարակական կառույցներին, ինչպես նաև աջակցելու Զինված ուժերին:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։

Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: ՀԱՊԿ-ն արդեն հայտարարել է, թե գործարկել է կազմակերպության մեխանիզմները՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար։