Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ սահմանին տեղի ունեցածի ողջ մեղավորությունն ու պատասխանատվությունը դնել օրվա իշխանությունների վրա։
«Անձամ Նիկոլ Փաշինյանն է իր վարած քաղաքականությամբ երկիրը բերել հասցրել էս իրավիճակին։ Չենք պատրաստվում մասնակցել հարցուպատասխանին, դա հերթական կրկեսն է լինելու, որևէ բան չի տալու», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Սաղաթելյանն ասաց, որ հիմա առաջարկություններ են մշակում։
«Կա Ազգային ժողովում ներկայացված հայտարարության տեքստ։ «Հայաստան» խմբակցությունը հիմա մշակում է իր առաջարկությունները։ Կա՛մ ներկայացնելու ենք այլընտրանքային հայտարարության տեքստ, կա՛մ ներկայացված հայտարարության տեքստի մեջ առաջրկելու ենք փոփոխություններ, որտեղ պետք է հստակ լինի ամրագրված կետեր ստեղծված իրավիճակը և վարվող քաղաքականությունը փոխելու վերաբերյալ», - ասաց Սաղաթելյանը։
«Ազատության» հարցին, թե չի՞ հաջողվել իշխանության հետ ընդհանուր հայտարարի գալ, Սաղաթելյանը պատասխանեց․ - «Իրենք ներկայացրել են հայտարարության տեքստ, էդ տեքստն ամբողջական չէ, չի արտացոլում իրավիճակն ամբողջապես։ Անհրաժեշտ են որոշակի կետեր, որոնք պարտադիր կերպով պետք է ներառվեն, որպեսզի լինի ամբողջական»։
Փաշինյանի հետ հանդիպմանը չի մասնակցի նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը, «Ազատությանը» փոխանցեց խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ նշելով՝ հիմա հայտարարության նախագծի վրա են աշխատում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կպատասխանի պատգամավորների հարցերին, դահլիճում են նաև «Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը