Այսօր ժամը 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կպատասխանի պատգամավորների հարցերին, ինչպես նաև ելույթ կունենա և կներկայացնի իրադրությունը շփման գծում, ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նիստերը բոյկոտած ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նիստերի դահլիճում են։
Մինասյանն առաջարկեց ընթացիկ օրակարգերը մի կողմ մղել ու քննարկել ստեղծված իրադրությունն ու անելիքները, որ իբրև պետություն պետք է իրականացնել՝ առաջարկելով նաև մաքսիմալ բաց և ոչ ժամկետային սահմանափակմամբ քննարկել «ստեղծված իրավիճակին հանգեցնող գործողությունները, այդ թվում՝ իշխանության պատասխանատվությունը՝ այն կեղծ օրակարգը խաղաղասիրական, որ հանգեցրեց այս ամենի»։
Մինասյանը տեղեկացրեց, որ հայտարարության նախագծի վրա են աշխատում և առաջիկայում այդ հայտարարությունը կառաջարկեն, որպեսի Ազգային ժողովի ամբիոնը կարողանան լիարժեք օգտագործել բաց և անկեղծ քննարկում ծավալելու, բոլորի պատասխանտվություններն ու անելիքները ֆիքսելու ուղղությամբ։
Երեկ «Հայաստան» դաշինքը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ դիմում է միջազգային հանրությանը՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները:
Դաշինքը ռազմավարական դաշնակից Ռուսաստանից ակնկալում է «հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանագրերով նախատեսված գործողությունների իրականացում», ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ՀԱՊԿ-ին, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում ներգրավված համանախագահող պետություններին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին կոչ է անում՝ «անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի հանցավոր գործողությունները կանխելու և դրանց համարժեք գնահատական տալու համար»:
Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։
Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն պաշտոնապես դիմել է Ռուսաստանին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանին