ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Ալբերտ Բաղդադյանն այսօր հանդիպել են ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին և ներկայացրել ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում ստեղծված իրադրությունը, հայտնում է նախարարությունը:
Նշվել է, որ ադրբեջանական կողմն ինտենսիվորեն կիրառում է հրետանային տարբեր միջոցներ, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ԱԹՍ-ներ, թիրախավորվում են ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները, և որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:
«Ընդգծվել է, որ լայնածավալ սադրանքի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - փոխանցում են պաշտպանական գերատեսչությունից։
Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ավելի վաղ հայտնել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։