Որոշ ուղղություններով ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիրքային առաջխաղացման գործողություններ, մարտերը շարունակվում են. ՊՆ

Ժամը 04։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ, դիրքային մարտերը շարունակվում են, փոխանցում է պաշտպանական կառույցը:

«Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված փոխհրաձգությունը շարունակվում է չթուլացող ինտենսիվությամբ», - նշված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ` հավելելով, որ ադրբեջանական կողմը ինչպես լարման սկզբում, հիմա էլ շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ըստ ՊՆ-ի` հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համարժեք պատասխան է հասցնում հակառակորդին և ամբողջ ծավալով կատարում իր առջև դրված մարտական խնդիրները։ Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են», - հաղորդում է նախարարությունը։

Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ավելի վաղ հայտնել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև տեղեկացրել է բախումներում սեփական կորուստների, նաև՝ ռազմական ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին: