Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ադրբեջանական կողմի գործողությունների առթիվ: Ըստ իրավապահ կառույցի հաղորդագրության` իրականացվում է նախաքննություն։
Քրեական վարույթը նախաձեռնվել է երկու հատկանիշնեչով` առաջին` քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ կրոնական, կրթության, արվեստի, գիտության կամ բարեգործության նպատակների համար նախատեսված շենքերի, պատմական հուշարձանների, բժշկական հաստատությունների, հիվանդների կամ վիրավորների կենտրոնացման վայրերի կամ չպաշտպանվող տարածքների կամ ապառազմականացված գոտիների կամ չպաշտպանվող կամ ռազմական օբյեկտ չհանդիսացող այլ բնակավայրերի կամ շենքերի կամ շինությունների վրա հարձակումը, և երկրորդ` պետության քաղաքական կամ ռազմական գործողությունները փաստացի ղեկավարող կամ վերահսկող կամ ուղղորդող անձի կողմից ագրեսիա պլանավորելը, նախապատրաստելը, նախաձեռնելը կամ իրականացնելը:
Քննչական կոմիտեն նշում է, որ այսօր կեսգիշերն անց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, ինտենսիվ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանին
Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ավելի վաղ հայտնել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։