Ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, նրանց տվյալները ճշտվում են, հաղորդում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
«Սեպտեմբերի 13-ին` կեսգիշերն անց, Ադրբեջանի զինված ուժերը հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծության են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայցված դիրքերը», - նշեց նա:
Ըստ Թորոսյանի` հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: ՊՆ խոսնակը հերքեց ադրբեջանական կողմի պնդումները, թե հրետակոծությունն սկսել են ՀՀ զինված ուժերը:
«Ավելին` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այս սադրանքի համար վերջին օրերին ակնհայտ տեղեկատվական հենք էր նախապատրաստում», - շեշտեց նա` հիշեցնելով վերջին օրերին տարածվող հաղորդագրությունները:
Արամ Թորոսյանն ընդգծեց, որ վերջին լայնածավալ սադրանքը նախաձեռնել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Կեսգիշերն անց Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն, ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։
Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես, հայտնել էր Հայաստանի ռազմական գերատեսչությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարում է «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։