«Պուտինը մարդասպան է» պաստառը հեռացնելուց հետո ոստիկանները այսօր թույլ տվեցին ռուս ցուցարարներին շարունակել բողոքի ցույցը Ազատություն հրապարակում՝ ընդդեմ ռուս-ուկրաինական պատերազմի։
«Այստեղ եմ, որ հայերին բացատրեմ՝ ինչ է տեղի ունենում, Ռուսաստանում այսօր այլանդակություն է տիրում։ Պուտինյան ռեժիմը ոչնչացնում է Ռուսաստանը, ոչնչացնում է մեր հայրենիքը, ոչնչացնում է հարևան երկիրը արդեն։ Դա վտանգավոր է ամբողջ աշխարհի համար։ Ինչո՞ւ ենք հենց Հայաստանում այս մասին խոսում, որովհետև այստեղ շատերն են աջակցում Պուտինին, պատկերացում չունեն ինչ է կատարվում Ռուսաստանում։ Եվ մենք այստեղ ենք, որ ասենք՝ Պուտինը վատն է», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Յուրի Ալեքսեևը ծանուցել է Երևանի քաղաքապետարանին այսօրվա հավաքի մասին, որը քաղաքային իշխանությունը ընդունել էր, սակայն արգելել Ազատության հրապարակից երթը դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն։ Նաև արգելվել է հավաքի ժամանակ օգտագործել այնպիսի իրեր և առարկաներ, որոնք կարող են կոպտորեն խախտել հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը, այդ թվում՝ ազգային ատելություն բորբոքող գրառումներով պաստառներ։
Յուրի Ալեքսեևը «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց, որ որոշումը վիճարկելու է դեռ դատարանում, իսկ այսօր ևս մեկ հնարավորություն է բարձրաձայնել՝ ինչ հանցագործություններ է իրականացնում Ռուսաստանի նախագահն աշխարհի նկատմամբ։
Ամիսներ առաջ Ռուսաստանից երևան տեղափոխված Ալեքսեևը օգոստոսի 24-ին նմանատիպ մեկ այլ դեռ չմեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ 2 տասնյակ աջակիցների հետ բերման էր ենթարկվել։ «Ես չեմ վախենում։ Ես մտածում եմ, որ Հայաստանում ժողովրդավարություն կա։ Դա ինչ է, դա նշանակում է, որ ժողովուրդը միշտ պայքարում է իր ազատության համար։ Եվ ինչ-որ տեղ ես հիմա իմ և ձեր ազատության համար եմ դուրս եկել», - նշեց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրավապաշտպանները դատապարտում են Ուկրաինայում ընթացող պատերազմի դեմ արտոնված ցույցի անցկացումը խոչընդոտելըԱլեքսեևն ասում էր՝ այն ժամանակ Ազատության հրապարակում մի պահ իրեն Մոսկվայում է զգացել, այսօր, նշում էր, կարծես ընդհանուր լեզու են գտել ոստիկանների հետ։
Ի տարբերություն ոստիկանների ռուս ցուցարարների նկատմամբ հանդուժող չէին ՌԴ զբոսաշրջիկներից մի քանիսը, որոնք վիրավորական խոսքեր ուղղեցին ցուցարարների հասցեին՝ բղավելով՝ «Պուտինը չէ դավաճանը, այլ՝ դուք»։
«Ռուսաստանի անունից ենք հանդես գալիս։ Մեր նպատակն է ցույց տալ Հայաստանին՝ ինչպիսի անկարգություններ են այսօր տեղի ունենում Ռուսաստանում», - ասաց հավաքվածներից մեկը:
Յուրի Ալեքսեևն ասում է, սա էլ է նորմալ՝ ամեն մեկն իր կարծիքն ունի, ժողովրդավարությունը հենց այստեղ է ծնվում։
Բողոքի ակցիան շարունակվեց «Պուտինին պետք է դատել Հաագայի դատարանում», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Բռապետը պատերազմ է», «ոչ պատերազմին» պաստառներն Ազատության հրապարակում թափահարելով։