Ո՞վ կլինի Երևանի 14-րդ քաղաքապետը։ Ընտրություններից մեկ տարի առաջ արդեն իրարանցում է։
Իշխող ուժի քաղաքապետի թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը հնարավոր է հենց վաղը առանձնասենյակ ստանա Արգիշտի 1 հասցեում։ Ավագանու վաղվա նիստի օրակարգում է նրան քաղաքապետի տեղակալ նշանակելու հարցը։ Մյուս աշնանն էլ կընտրվի քաղաքապետ, դրանում նրա կուսակից Ալեն Սիմոնյանը չի կասկածում. - «Ես վստահ եմ, որ մեր թեկնածուն հաղթելու է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանի ավագանու ընտրություններում Եվրոպական կուսակցության թեկնածուն Ռուբեն Հախվերդյանն է լինելու«Ազնիվ, անկեղծ, արդար։ Սովորական հանճար»։ Հայաստանի եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան խզմալյանն այսպես է անոնսել քաղաքապետի իրենց թեկնածուի անունը՝ Ռուբեն Հախվերդյան։
«Պետք ա մեկը, որ քաղաքային տնտեսությունից հասկանում ա։ Քաղաքային տնտեսությունից ե'ս չեմ հասկանում ոչ մի բան, իրա՞նք որտեղից հասկանան», - ասում է Հախվերդյանը՝ շարունակելով, թե ինք ոչ թե քաղաքապետ է ուզում լինել, այլ պրոֆեսիոնալ քաղաքապետի խորհրդատու։ Նրան դուր չեն գալիս «ո'չ հին գողականները, ո'չ նոր դեղնակտուցները»։ Կարծում է, որ քաղաքը բնապահպանական աղետի մեջ է, խեղդված բարձրահարկերի մեջ։
Նաև երևանյան երգերով հայտնի երգիչը վստահ է, որ կարող է խորհրդատուի դերում էլ ապստամբություն բարձրացնել քաղաքի կառավարման համակարգում. - «Ինչ-որ մեկը պըտի ասի՞ ոչ; Ինչ-որ մեկը պըտի ասի՞, որ սա այլանդակություն ա, ի պաշտոնե։ Ես կուզենայի էն մարդը, որը ղեկավարելու ա էս քաղաքը, մի քիչ ինձ լսեր և ասեր ոչ ու չվախենար, և փող չվերցներ»։
«Իմ աշխատանքն ավելի կարևոր է, քան քաղաքապետինը», - ասում է երգիչը և կրկնում իր թեկնածությունը պարզապես թեսթ է. - «Ինձ համար շատ կարևոր էր էդ սկանդալը սարքել, որպեսզի մարդիկ արթնանան ու հասկանան, թե ում են ընտրում»։
Ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններում մասնակցության ու թեկնածուի մասին առայժմ ոչինչ չի հայտարարել։ Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը վերադարձի ցանկություն ունի՞։ Այս հարցին պատասխանելու է առաջիկայում, բեմից։
«Քաղաքացիական պայմանագիր», Եվրոպական կուսակցություն և «Ուժը հայրենյաց». քաղաքական այս երեք միավորներն են առայժմ երևանյան ավագանու հավակնորդները՝ քաղաքապետերի իրենց թեկնածուներով։
«Կուսակցությունը ինձ է առաջադրել որպես Երևանի քաղաքապետի թեկնածու», - օրերս հայտարարել էր գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը։
Նրա առաջին հանդիսավոր ելույթը հայերենով համացանցում քննարկումների առիթ դարձավ, բայց Ռոտենբերգն անդրդվելի է. - «Տվեք ինձ մի քիչ ժամանակ, և Նատալյա Սերգեևնան կխոսի հայերեն»։
Երևանցիները տարբեր նախընտրություններ ունեն և նույնիսկ նոր առաջարկներ։ Տիկին Լաուրան համար «ընտիր, ընտրագույնը» Արման Թաթոյանն է։ Նրա ամուսինը սկզբում չէր կողմնորոշվում, հետո շատ արագ համաձայնեց կնոջ հետ. - «Շատ ճիշտ գտավ դրան։ Ես էլ էի դրան շատ հավանում»։
Քաղաքացիների մի խումբ շատ կոնկրետ ակնկալիքներ ունի։ Մեկն ուզում է, որ կարգի բերվի Մաշտոցի պողոտայի գետնանցումը, մյուսը՝ որ չարգելվի փողոցային առևտուրը, երրորդն ասում է. - «Խի էս Հրաչյան լավը չի՞, շատ լավ բան ա...»
Կան նաև այս կրկնող ընտրություններից հոգնածներ. - «Անգամ հին մասնագիտության տեր կանայք էդքան իրանց ձեռնոցները շուտ, արագ չէին փոխում, ինչքան որ իրենք սկսեցին փոխել քաղաքապետ...»