Հայաստանցիների մեծամասնությունը՝ 64 տոկոսը քաղաքական որևէ գործչի չի վստահում, գերակշռում է տեսակետը, թե Հայաստանը սխալ ուղղությամբ է առաջ գնում։ Այս մասին է վկայում ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած նոր, ծավալուն հարցումը։
Կազմակերպությունը երեկ է հրապարակել է հունիսին անցկացրած ուսումնասիրության արդյունքները։ Մասնակցած շուրջ 1500 հայաստանցիներն իրենց կարծիքն են արտահայտել ինչպես ներքաղաքական գործընթացների, կառավարության գործունեության, այնպես էլ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։
Հարցվածների ավելի քան 40 տոկոսի կարծիքով՝ Հայաստանն ընդհանուր առմամբ սխալ ուղղությամբ է գնում
Հարցվածների ավելի քան 40 տոկոսի կարծիքով՝ Հայաստանն ընդհանուր առմամբ սխալ ուղղությամբ է գնում։ Մեկ տարի առաջ, մինչդեռ, նման պատասխան էր տվել հետազոտության մասնակիցների միայն 20 տոկոսը։ Վատատեսական այս սպասումների ֆոնին, սակայն, ամենաբարձր վարկանիշն ունեցող քաղաքական գործիչը մնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա վարկանիշը նախորդ հարցման համեմատ անգամ բարելավվել է։
Հայաստանի ղեկավարի գործունեությունը խիստ դրական է համարում հարցվածների 22 տոկոսը։ 8 տոկոսը նման կարծիք է արտահայտել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, 7 տոկոսը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին։
«Փորձեցինք պարզել, թե ինչ են ակնկալում մարդիկ կառավարությունից», - «Ազատության» հետ զրույցում ասաց հարցումն իրականացրած ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսը, որին զարմացրել էր պատերազմի, կորոնավիրուսի, տնտեսական խնդիրների շրջանում վարչապետի վարկանիշի բարելավումը։ Այդուհանդերձ, մարդկանց ակնկալիքները գործադիրից քիչ չեն։
«Քաղաքացիները սահմանադրական բարեփոխումների կարիք են տեսնում և հույս ունեն, որ կփոխվի դատական համակարգը։ Այս տվյալները մի շարք նախարարների ենք ներկայացրել», - նշեց Նիքսը։
Ծավալուն այս հարցմանը մասնակցած քաղաքացիների շուրջ 70 տոկոսը ընդգծել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը. հայաստանցիներն ակնկալում են, որ կփոխվի պետական կառավարման ձևը, դատական համակարգը, կընդլայնվեն մարդու իրավունքների ու ազատությունների շրջանակը։ Հարցվածների 32 տոկոսը Հայաստանի համար պետական կառավարման լավագույն համակարգը նախագահականն է համարում, 16-ը՝ գործող խորհրդարանակը։
Ուսումնասիրության հեղինակները առանց որևէ քաղաքական ուժի անուն նշելու հարցրել են՝ «եթե գալիք կիրակի խորհրդարանական ընտրություններ անցկացվեին, ո՞ւմ օգտին կքվեարկեիք»։ Հարցվածների 25 տոկոսը պատասխանել է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, 6 տոկոսը տվել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի, 2 տոկոսը՝ Դաշնակցության անունները, 25-ը պատասխանել է, որ չի գնա ընտրության։
Հետազոտությանը մասնակցածների կեսից ավելին Հայաստանի ամենակարևոր խնդիրը անվտանգությունն է համարում, հաջորդում են երկրի ներսում քաղաքական անկայունությունն ու տնտեսական խնդիրները:
«Սա ոչ մեկիս համար անակնկալ չէր, պատերազմի ու դեռևս չհանգուցալուծված հակամարտության հետևանքն է։ Զարմանալի չէ, որ մարդիկ անհանգստացած են երկրի ու անձամբ իրենց անվտանգությամբ», - ասաց Սթիվեն Նիքսը։
Հարցման համաձայն՝ գործադիրի կազմից մարդիկ ամենաշատը գոհ են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, ամենացածր վարկանիշն ունի Արդարադատության նախարարությունը։
1983 թվականին հիմնադրված Միջազգային հանրապետական ինստիտուտը, որն հիմնականում ԱՄՆ պետական ֆինանսավորմամբ է գործում, կոչված է տարբեր երկրներում աջակցելու ժողովրդավարության ամրապնդմանը։ Ինստիտուտը նման հարցումներ պարբերաբար է անցկացնում։
59 տոկոսը բացասական է արտահայտել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ
Քաղաքացիները նաև իրենց կարծիքն են արտահայտել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ 59 տոկոսը բացասական վերաբերմունք է արտահայտել։ 44 -օրյա պատերազմից հետո սկսված այս գործընթացը դրական են գնահատել շուրջ 30 տոկոսը։ 46 տոկոսի կարծիքով՝ հայ-թուրքական սահմանի բացումը վատ կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա, ուղիղ հակառակ տեսակետն ունի 34 տոկոսը։
Հարցման մասնակիցներին նաև ռուս-ուկրաինական պատերազմից են հարցրել. այսպես՝ 17 տոկոսը փետրվարից սկսած պատերազմի առաջնային պատասխանատու Միացյալ Նահանգներին է համարում։ Գրեթե նույն թվով մարդկանց կարծիքով էլ՝ պատասխանատու են բոլոր կողմերը հավասարաչափ և միայն 8 տոկոսն է տվել Ուկրաինայի դեմ պատերազմը սկսած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը։
Ռուսական քարոզչության հետևանքն է, ասում է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսը. - «Ռուսական հեռուստաընկերությունների ազդեցությունն է։ Շատ հայեր ռուսական ալիքներ են դիտում։ Ռուսական կողմն առաջ է տանում այն թեզը, թե Արևմուտքն է մեղավոր, ուստի այս արդյունքը մեզ համար զարմանալի չէ»:
Շատ քաղաքացիներ նաև ասել են, որ իրենց մաշկի վրա են զգում Հայաստանի գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ազդեցությունը՝ շեշտելով բարձր գնաճն ու իրենց եկամուտների նվազումը։
Your browser doesn’t support HTML5