Վուչիչ․ «Արևմուտքն ու Թուրքիան պահանջում են լուծել Կոսովոյի խնդիրը»

«Արևմտյան առաջատար պետություններն ու Թուրքիան Բելգրադից պահանջել են ամենասեղմ ժամկետներում լուծել Կոսովոյի խնդիրը», - այսօր կայացած Անվտանգության խորհրդի նիստի ավարտին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

Նրա խոսքով՝ «Գերմանիան և Ֆրանսիան, ԱՄՆ և Թուրքիայի աջակցությամբ, պահանջել են սերբական իշխանություններից Եվրոպայում ընթացող պատերազմի պայմաններում լուծել Կոսովոյի խնդիրը»։

Սերբիայի Անվտանգության խորհրդի նիստը կայացել է Ալեքսանդր Վուչիչի և ԵՄ պատվիրակության երեկ կայացած բանակցությունների արդյունքները քննարկելու նպատակով։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ այդ բանակցությունների ընթացքում Արևմտյան Բալկանների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը, Գերմանիայի դաշնային կանցլերի խորհրդական Յենս Պլյոտները և Ֆրանսիայի նախագահի խորհրդական Էմանյուել Բոնը Սերբիայի նախագահի հետ քննարկել են՝ « Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսության ակտիվացման հեռանկարները»։

Սերբական աղբյուրների փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում Վուչիչը ևս մեկ անգամ վերահաստատել է պաշտոնական Բելգրադի տեսակետը, որի համաձայն՝ «Սերբիան չի պատրաստվում ճանաչել Կոսովոյի անկախությունը»։