Երեկ Հայաստան վերադարձած գերիները ողջ օրը հարցաքննվեցին Քննչական կոմիտեում

Երեկ Հայաստան վերադարձած 5 ռազմագերիները տան ճանապարհին են, չորսը դեպի Գյումրի, մեկը՝ Վանաձոր։ Նրանք մոտ մեկ ժամ առաջ դուրս եկան Քննչական կոմիտեից, որտեղ առավոտից հարցաքննվում էին։

Բայց լրագրողները հնարավորություն չունեցան հանդիպել տղաների հետ։ Ծնողները, որ իրենց որդիներին սպասում էին Քննչականի զինվորական վարչության շենքի մոտ, ասում են՝ հավանաբար միասին տուն կգնան։

Ծնոները հանրենադարձված գերիների հետ միայն կարճատև շփում են ունեցել երեկ զինվորական հոսպիտալում։

Գյումրեցի Վարազդատ Մանուկյանի հայրը՝ Անուշավան Մանուկյանը հանգիստ էր, ասաց՝ որդին իրեն լավ էր զգում. - «Գիշերը ես հանդիպել եմ, մի հինգ րոպեով տեսել եմ։ Լավ են, նորմալ են»։

Ծնողները նշում են, որ որդիների գերության մեջ եղած ժամանակ պարբերաբար կապ են հաստատել նրանց հետ Կարմիր խաչի միջոցով, տեղեկացել են նրանց առողջական վիճակի մասին. - «Մենք միշտ էլ երեսունհինգ օրը մեկ խոսացել ենք, հետո էլ ինքը միշտ տեսաերիզ է ուղարկել, մենք ենք նկարվել, ղրկել ենք, ինքն է մեզ տեսել»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստան են վերադարձել հինգ հայ գերիներ. ԱԱԾ

Երեկ ուշ երեկոյան գերիների Հայաստան վերադառնալու մասին հայտարարեց Ազգային անվտանգության ծառայությունը՝ ողջունելով «Ադրբեջանի այս գործողությունը՝ որպես հարաբերությունների կարգավորմանը նպաստող քայլ»։

Ավելի ուշ գերիների վերադարձը ողջունեցին Վաշինգտոնն ու Եվրամիությունը։ Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շեշտել է, որ «հայ ձերբակալվածների ազատ արձակումը տեղի է ունեցել «օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո»։

«Մենք ողջունում ենք հայ ձերբակալվածների հայրենիք վերադարձի մասին հաղորդումները, ինչը «դրական զարգացում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի համար։ Հուսով ենք, որ մնացած բոլոր ձերբակալվածները շուտով կվերադառնան տուն, և Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել վստահություն ձևավորելու և առկա տարաձայնությունները լուծելու համար», - Թվիթերում գրել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

Հայաստան վերադարձած հինգ ռազմագերիներն էլ Ադրբեջանում էին հայտնվել 2020-ի 44-օրյա պատերազմից հետո։ Չորս գյումրեցի պահեստազորայինները գերեվարվել էին 2020-ի դեկտեմբերին Արցախի Խծաբերդի մարտական դիրքերից։ Նրանց զինակիցները վերադարձել էին Հայաստան, իսկ մի մասը ադրբեջանական բանտերում էին՝ ծանր մեղադրանքներով ու երկարատև կալանքի դատավճիռներով։

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ երկրի գերագույն դատարանը «մեղմել է Հայաստանի չորս քաղաքացիների դատավճիռները և ազատ արձակել նրանց»։

Հինգերորդ ռազմագերին գերեվարվել էր 2021-ի նոյեմբերին Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանային բախման ժամանակ։ Այդ օրը Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանային հատվածներում տեղի ունեցած մարտերի ընթացքում զոհվել էր 5 զինվորական, 32-ը գերեվարվել էին։

Վաշտի հրամանատարն այս տարվա մարտին գերությունից ազատվելուց հետո Հայաստանում կալանավորվեց ծառայության կանոնները խախտելու համար, որի հետևանքով մարտական դիրքերն ադրբեջանական զինուժին են անցել։ Կապիտան Արման Խաչատրյանն այժմ ազատության մեջ է, բայց քննությունը շարունակվում է։

Արցախի Խծաբերդի և Հին թաղերի կորստի գործով էլ գումարտակի հրամանատար Արսեն Ղազարյանն է մեղադրվում մարտադաշտը լքելու, վերադասի հրամանները չկատարելու և ծառայությանն անփույթ վերաբերվելու համար։ 2020-ի դեկտեմբերին ադրբեջանական հարձակման հետևանքով այնտեղ 9 զինվորական էր զոհվել, 64-ը գերեվարվել էին, իսկ գյուղերն անցել Ադրբեջանին։

Մինչև այժմ Ադրբեջանից 155 գերի է հայրենադարձվել։ Ադրբեջանի կողմից հաստատված 33-ը դեռ ադրբեջանական բանտերում են։ Հայաստանից իրավապաշտպաննեը կարծում են, որ նրանց թիվը ավելի մեծ է։