Հայաստանի վարչապետը դարձյալ խոսել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտության մասին՝ այս անգամ Վլադիվոստոկում։
«Այո, կարող էր այլ ելք լինել, և ես չափազանց կարևոր եմ համարում, որ մենք ի վերջո բոլորով գտնենք այդ պատասխանը` ինչո՞ւ այդպես չեղավ, ինչո՞ւ այլ ելք չեղավ, նույնիսկ եղած սուղ հնարավորությունների պայմաններում», - ասել է նա տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը:
Նիկոլ Փաշինյանը պարտության հնարավոր մեղավորների մասին է խոսել առանց անուններ ու փաստեր մատնանշելու. «Արդյո՞ք ինչ-որ ուժեր կային, որոնք շահագրգռված էին պատերազմի այդ ելքով, և իրենք շահագրգռված էին, ոչ միայն շահագրգռված էին, այլև ուզում էին` այդպես լինի հետևյալի համար, որպեսզի Հայաստանում քաղաքական պրոցեսներ հարուցեն, և Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա: Ես պնդում չեմ անում, բայց ես ուզում եմ… սենց ուղիղ չեմ ասել, բայց ուզում եմ ասել, որ հիմա փաստեր են ի հայտ գալիս, որոնք այս հարցն ինձ մոտ գնալով ավելի ուժեղանում է», - նշել է նա:
Փաշինյանն այս հարցին անդրադառնում է վերջին երկու քրեական գործերի մասին խոսելիս, որոնցում դրսևորած պաշտոնական անփության համար մեղադրյալի կարգավիճակ ունեն պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած երկու գեներալները՝ Ջալալ Հարությունյանն ու Միքայել Արզումանյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զոհված զինվորի հայրը՝ Ջալալ Հարությունյանի գործի մասին. «Միանշանակ արդարացի մեղադրականներ են»Կալանավորված Արզումանյանը, մասնավորապես, անցնում է Շուշիի անկման գործով։ Նախաքննության փուլում գտնվող գործի մասին խոսելիս Փաշինյանը մի քանի անգամ հռետորական հարց է հնչեցնում` հիմա ո՞վ է հանձնել Շուշին. «Հիշո՞ւմ եք, որ ասում էին` իշխանությունը Շուշին տվել է, Շուշին ծախել է, քրեական գործ է հարուցված, մարդ է ձերբակալված այդ առումով, հիմա էլ ասում են, հիմա էլ հանդես են գալիս պաշտպանությամբ: Հիմա ո՞վ է Շուշին տվել, ո՞վ է Շուշին տվել: Ես չեմ հասկանում` էդ ինչի՞ են պաշտպանում, բա սրեր էիք ճոճում պատերազմից առաջ, թե՞ ձեզ ճշմարտությունը չէր հետաքրքիր, ձեզ հետաքրքիր էր ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը մի քանի հոգու շարեն պատերի տակ, գնդակահարել և ասել` վերջ, թեման պրծավ: Չի պրծնելու էս թեման: Պատերազմի հաջորդ օրը իմ հրաժարականն էին պահանջում այն հիմնավորմամբ, որ Շուշին հանձնել էինք, որ էս հանձնել էինք, որ էն հանձնել էինք: Հիմա երբ այդ հանձնման հանգամանքները բացահայտվում են, ձերբակալություններ են տեղի ունենում, այդ նույն մարդիկ հայտարարություններ են անում, ստորագրություններ են հավաքում, բա մի րոպե, էդ ի՞նչ է եղել, ինչո՞ւմ է, դուք չէի՞ք, որ մեղավորները պարզվեին,բացահայտվեին, թե՞ ձեզ համար կարևոր է, որ մեղավորը հատկապես կոնկրետ անուն-ազգանուններով թղթի վրա գրված ցուցակ լինի: Չի լինելու այդպես»:
Միքայել Արզումանյանին կալանքից ազատելու միջնորդություն հայաստանյան իրավապահներին ներկայացրել էին Արցախի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի ԱԺ պատգամավորները Արզումանյանին կալանքից ազատելու միջնորդություն են ներկայացրելՄիջնորդությունը ստորագրած խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն ասաց՝ իրենց այդ քայլը ընդամենը խափանման միջոց փոխելու մասին է, մնացածը ցույց կտա քննությունը. «Որ խափանման միջոցը փոխեն, կալանքը փոխարինեին: Մեր պատգամավորներն ասել են, որ կարող է ազատության մեջ գտնվի և հարցերի պատասխանի»:
«Ինչի՞ պիտի ներենք մենք որևէ մեկին սա, ինչ պագոն ուզում է լինի ուսին»
Պատերազմից հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը ղեկավարած, այսօր ՌԴ դեսպանի պաշտոնը զբաղեցնող Վաղարշակ Հարությունյանի կողքին նստած Փաշինյանը խոսում էր նաև այն մասին, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո էլ բանակում կոռուպցիան շարունակվել է:
«18 թվականից հետո մենք միլիարդ, հսկայական միջոցներ ենք ծախսել բանակի վրա, բայց հիմա պարզվում է հանգամանք, որ նույնիսկ մեր պայմաններում էդ տված միջոցները միշտ չէ, որ գնացել, հասել է այնտեղ, որտեղ պիտի հասներ, իսկ ինչի՞ պիտի ներենք մենք որևէ մեկին սա, ինչ պագոն ուզում է լինի ուսին, ինչ մեդալ ուզում է լինի դոշին: Ես երբեմն տպավորություն եմ ստանում, թե այդ մարդիկ ոչ թե իմ հրամաններով են առաջնորդվել, եսիմ որտեղից եկող ում հրամաններով են առաջնորդվել: Դավաճանությունից են խոսում, սրանից ավելի մեծ դավաճանություն կա՞: Հրամանատարներից հրամաններ են եղել, եթե դա հաստատվի, որ ես չեմ կարում հասկանալ ոչ քաղաքականապես, ոչ բարոյապես, ոչ ռազմական, ես չեմ կարում հասկանալ` ով, ինչ», - շեշտեց Փաշինյանը:
«Օդի մեջ ինչ-որ թեզ է նետում». Գեղամ Մանուկյան
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասում է՝ Փաշինյանը շարունակում է «օդի մեջ թիրախավորել ու մեղադրել բոլորին» սեփական մեղքը քողարկելու և իրեն արդարացնելու համար։
«Եթե այլ ելք հնարավոր էր, դրանից մեկ-երկու տարի առաջ գերագույն գլխավոր հրամանատար պոռոտախոսողն ինչո՞ւ այլ ելք չապահովեց: Իր ամբողջ լրագրողական գործունեության սովորության համաձայն օդի մեջ ինչ-որ թեզ է նետում, վերջում այդ թեզը պաշտպանելու այդ համարձակությունն էլ չի ունենում, ուղղակի թեզը նետվեց, գնաց: Նա ի վերջո իր ասածի նույնիսկ տերը չէ», - ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ՝ Փաշինյանի այսօրվա ելույթը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այս վերջին քրեական գործերը քաղաքական բաղադրիչ ունեն, քանի որ վարչապետ Փաշինյանը, որ պատերազմի օրերին գերագույն գլխավոր հրամանատարն էր, նպատակ ունի քողարկել իր մեղավորությունը ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտության համար։