Հունաստանը կոչ է անում արևմտյան կառույցներին հրապարակավ դատապարտել Թուրքիայի նախագահի ագրեսիվ հռետորաբանությունը՝ զգուշացնելով, թե Եվրոպայում երկրորդ պատերազմի վտանգ կա:
«Ասոշիեյթիդ Փրեսի» փոխանցմամբ, Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը օրերս նամակ է ուղարկել ՆԱՏՕ, Եվրամիություն և ՄԱԿ՝ այդ կառույցներին հորդորելով դատապարտել տարածաշրջանում իրենց պատմական մրցակից ու ՆԱՏՕ-ում դաշնակից երկրի պահվածքը:
«Ժամանակին չանելով դա կամ թերագնահատելով հարցի լրջությունը՝ մենք ռիսկի ենք դիմում ականատես դառնալու մի իրավիճակի, որի հիմա տեղի է ունենում մեր մայրցամաքի մյուս հատվածում: Մեզնից ոչ ոք չէր ցանկանա դեպքերի նման շրջադարձ», - գրել է նամակում Դենդիասը՝ ակնարկելով պատերազմը Ուկրակիանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չավուշօղլուն նամակ է հղել միջազգային հանրությանը՝ բողոքելով ՀունաստանիցՍեպտեմբերի սկզբին էլ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն էր նամակով դիմել ԵՄ անդամ 25 պետությունների ղեկավարներին, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարին, ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարներին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին՝ ուշադրություն հրավիրելով վերջին շաբաթներին սրացած Էգեյան խնդիրների վրա:
Կողմերի այս քայլերի պատճառը շաբաթներ շարունակ չմարող լարվածությունն է։ Թուրքիան Հունաստանին մեղադրում է թուրքական F-16 ինքնաթիռների նկատմամբ հակահրթիռային պաշտպանական համակարգեր կիրառելու և արևելյան Միջերկրականում ՆԱՏՕ-ի առաքելություն իրականացնող ինքնաթիռների աշխատանքը խոչընդոտելու համար: Հունաստանը հերքում է այս մեղադրանքները:
Անկարան պարբերաբար բարձացնում է նաև հունական կղզիների վերազինման հարցը՝ պնդելով, թե Աթենքը անտեսում է ապառազմականացման մասին միջազգային պայմանագիրը: Իսկ Հունաստանը հայտարարում է, որ պետք է պաշտպանվի իր հարևանից: Կողմերը շարունակ իրար մեղադրում են միմյանց օդային սահմանները խախտելու համար, տարաձայնություններ ունեն նաև ջրային սահմանների հարցում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողան. Եթե Աթենքը չվերանայի իր քաղաքականությունը Անկարայի նկատմամբ, «մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»Եվ ահա այս լարվածության ֆոնին օրերս Թուրքիայի նախագահը զգուշացրեց՝ եթե Աթենքը չվերանայի իր քաղաքականությունը Անկարայի նկատմամբ, «մի գիշեր հանկարծակի կարող են գալ»։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1970-ականներին հայտնի երգի տողերով, ըստ էության, հույներին հիշեցրել է Հյուսիսային Կիպրոսի գրավումը: Նա Հունաստանին կոչ էր արել նայել պատմությանը և ավելի հեռուն չգնալ. - «Մենք միայն մի խոսք ունենք Հունաստանին ասելու: Մի մոռացեք Իզմիրը: Հոգ չէ, որ դուք օկուպացրել եք կղզիները: Երբ ժամանակն ու ժամը գա, մենք ինչ որ պետք է կանենք: Ինչպես ասում ենք՝ մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»:
Պաշտոնական Աթենքն, արձագանքել էր՝ հայտարարելով, թե տեղի չեն տալու Թուրքիայի սպառնալիքներին:
Յենս Ստոլտենբերգին, Ժոզեպ Բորելին և Անտոնիո Գուտերեշին հասցեագրված նամակներում Հունաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ Էրդողանի հիշատակումները, թե Հունաստանը բռնազավթել է Էգեյան ծովի կղզիները, որոնք տասնամյակներով այդ երկրի մաս են կազմում, անընդունելի են և վիրավորում են Հունաստանին ու հույն ժողովրդին:
«Թուրքիայի ղեկավարությունը հավանաբար որոշել է ապագա ագրեսիան ներկայացնել որպես արդեն նախապատրաստված և որ ավելի կարևոր է արդարացված գործողություն: Եթե միջազգային հանրությունը չտեսնի սրա իրական մաշտաբները և միջոցներ չձեռնարկի, ապա Թուրքիայի դիրքորոշումը կարող է ապակայունացնել մեր լայն տարածաշրջանը և ահռելի լուրջ հետևանքների հանգեցնել», - ասված է նամակում: Դենդիասը մասնավորապես ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարին գրել է, թե Թուրքիայի պահվածքը խաթարում է դաշինքի միասնությունը՝ թուլացնելով կառույցի հարավային թևը այս ճգնաժամային շրջանում:
Your browser doesn’t support HTML5