Հայաստանն ու Ադրբեջանը Բրյուսելում «չեն կարողացել պայմանավորվածություններ ձեռք բերել» կարևորագույն հարցերի շուրջ

Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 31-ին Բրյուսելում չեն կարողացել պայմանավորվածություններ ձեռք բերել երկկողմ օրակարգի կարևորագույն հարցերի շուրջ, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

«Պիտի ասեմ, որ այդ հանդիպման ընթացքում ամենակարևոր կամ մեզ հուզող ամենակարևոր հարցերի վերաբերյալ մեզ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել, խոսքը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ է, բայց մյուս կողմից էլ` մենք երկուստեք՝ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը արձանագրում են խաղաղության հասնելու և խաղաղություն արձանագրելու իրենց ցանկությունը»,- ասել է Փաշինյանը։

Հայաստանի վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, և այլևս քննարկելու բան չկա։

«Մեր դիրքորոշումը և ակնհայտորեն միջազգային հանրության դիրքորոշումը չի համընկնում Ադրբեջանի դիրքորոշման հետ»,- նշել է Հայաստանի վարչապետը` հավելելով, որ Բաքվի տեսակետը այդ հարցում չի կիսում նաև Մոսկվան։