Իրանում Ռուսաստանի երկարամյա դեսպան Լևան Ճաղարյանը լքում է պաշտոնը։ Ուշագրավ է, որ այս մասին առաջինը հաղորդեցին ոչ թե ռուսական, այլ իրանական աղբյուրները։ Նախօրեին Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին Twitter-ում արված գրառմամբ տեղեկացրեց, որ Մոսկվայում հանդիպել է Ալեքսեյ Դեդովի հետ, որը և փոխարինելու է Ճաղարյանին։
«Շուտով Դեդովը կստանձնի Իրանում Ռուսաստանի դեսպանի լիազորությունները։ Հանդիպման ընթացքում մենք արձանագրեցինք, որ այժմ ռուս-իրանական հարաբերությունները գտնվում են իրենց լավագույն փուլերից մեկում», - գրել է իրանցի դիվանագետը` նաև շնորհակալություն հայտնելով պաշտոնից հեռացող Լևան Ճաղարյանին «գործադրած ջանքերի համար»։
11 տարի Իրանում Ռուսաստանի Դաշնության դեսպան աշխատած, ծագումով թբիլիսցի Լևան Ճաղարյանի ոչ բոլոր ջանքերն էին, սակայն, որ իրանական կողմի սրտով էին։ Հատկապես վերջին տարիներին հայազգի դեսպանը հստակ պարբերականությամբ հայտնվում էր տարատեսակ սկանդալային պատմությունների կիզակետում՝ առիթ տալով իրանական թե՛ կիսապաշտոնական և թե՛ արտերկրում գործող ընդդիմադիր մամուլին հայտարարելու, որ նա խախտում է դիվանագիտական էթիկայի կանոնները։
Այդպես էր, օրինակ, այս տարվա մարտի սկզբին, երբ Թեհրանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ճաղարյանը առարկություններ չընդունող տոնով իրանցի լրագրողներին հորդորեց Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները անվանել ոչ թե պատերազմ, այլ «հատուկ ռազմական գործողություն»։ Այս նույն ասուլիսը Ճաղարյանը որպես Արևմուտքի՝ նախ և առաջ Միացյալ Նահանգների հասցեին կոշտ քննադատություն հնչեցնելու ամբիոն օգտագործեց, և դա մի իրավիճակում, երբ Իրանը փորձում է կարգավորել հարաբերությունները Վաշինգտոնի հետ։
«Անգլիական ասացվածք կա՝ քարեր մի՛ նետիր, եթե տունդ ապակուց է։ Ամերիկացիները բազմաթիվ քաղաքացիական անձանց են սպանել Աֆղանստանում, բազմաթիվ իրաքցիներ, սիրիացիներ, սերբեր են սպանել, այնպես որ լավ կլինի, որ նրանք լռեն, չքննդատեն Ռուսաստանին և նայեն հայելու մեջ», - հայտարարել էր Ճաղարյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում Ռուսաստանի հայազգի դեսպանը՝ սկանդալի կիզակետումՄարտին հրապարակված ևս մեկ հարցազրույցում ռուսաստանցի դիվանագետը շարքային իրանցիներին խորհուրդ էր տալիս չլսել «Ազատություն» ռադիոկայանի պարսկական ծառայության հաղորդումները։ Դեսպանի խոսքով` ամերիկացիների կողմից ֆինանսավորվող կառույցի միակ նպատակը «Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում խնդիրներ ստեղծելն է»։
Հարկ է նկատել, սակայն, որ հենց իր՝ Ճաղարյանի գործողություններն էին, որ պարբերաբար լարվածություն էին առաջացնում Մոսկվայի և Թեհրանի հարաբերություններում։
Այս տարվա փետրվարին, օրինակ, Ռուսաստանի դեսպանատունը տեղեկացրեց, որ Դիվանագետի օրվա առթիվ Լևան Ճաղարյանը ծաղկեպսակ է դրել դիվանագիտական ներկայացուցչության տարածքում գտնվող Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանի պատվանդանին։ Առաջին հայացքից անմեղ թվացող այս ժեստը, սակայն, Թեհրանում վրդովմունքի մեծ ալիք բարձրացրեց։
Բանն այն է, որ հայտնի ռուս գրողն ու դիվանագետը իրանցիների հավաքական հիշողության մեջ ռուսական իմպերիալիզմի խորհրդանիշ է հանդիսանում։ Հարավային Կովկասի` Պարսկաստանից Ռուսաստանին անցումն օրինականացնող Թուրքմենչայի պայմանագրի հեղինակ Գրիբոյեդովին ոմանք Իրանում «Ռուսաստանի վատթարագույն դեսպան» են անվանում` պնդելով, որ նրա գործունեության հիմնական նպատակը երկրի թուլացումն ու նորանոր տարածքների գրավման համար նախադրյալներ ստեղծելն էր։
Այս սկանդալն այն աստիճանի հնչեղություն ստացավ, որ այն ստիպված էր եղել մեկնաբանել Իրանի արտգործնախարարության այն ժամանակվա խոսնակ Սաեդ Խաթիբզադեն՝ նշելով. «Ցակացած դեսպան գիտի, որ չպետք է այնպիսի քայլեր ձեռնարկի, որոնք կարող են վիրավորել ընդունող երկրի բնակիչներին»։
Այս պատմությունը միակ դեպքը չէր, երբ հայազգի ռուսաստանցի դիվանագետը կամա թե ակամա որոշել էր աղ ցանել իրանցիների պատմական վերքերին։ 2021 թվականի օգոստոսին սկանդալ ծագեց Ռուսաստանի դեսպանության թվիթերյան օգտահաշվում հրապարակված մեկ այլ լուսանկարի պատճառով, որում պատկերված էին Լևան Ճաղարյանն ու Իրանում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանը։ Դիվանագետները լուսանկարվել էին Ռուսաստանի դեսպանության մուտքի աստիճանների վրա՝ այն նույն վայրում, որտեղ 1943 թվականի դեկտեմբերին` Թեհրանի կոնֆերանսի ընթացքում, նկարահանվել էին հակահիտլերյան կոալիցիայի երեք առաջնորդները՝ Ստալինը, Չերչիլը և Ռուզվելտը:
Պատմական զուգահեռներն էլ ավելի ցայտուն դարձնելու համար Ռուսաստանի դեսպանության լրատվական բաժինը դեսպաններին որոշել էր լուսանկարել հնաոճ բազկաթոռներում նստած՝ գրեթե նույն պոզաներում, որոնք դրանից 78 տարի առաջ ընդունել էին ԽՍՀՄ և Մեծ Բրիտանիայի ղեկավարները։
Այս անգամ իրանական կողմի վրոդվմունքն այն աստիճան խորն էր, որ Ռուսաստանի դեսպանի հերթական «պերֆորմանսին» որոշեց արձագանքել Իրանի այն ժամանակվա արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։
«Այսօր ես մի ծայրահեղ անպատեհ լուսանկար տեսա։ Ցանկանում եմ հիշեցնել, որ 2021 թվականի օգոստոսը ոչ 1941 թվականի օգոստոսն է, ոչ էլ 1943-ի դեկտեմբերը», - գրել էր Զարիֆը՝ հավելելով․ - «Իրանի ժողովուրդը ի ցույց է դրել այն իրողությունը, որ իր ճակատագիրն այլևս երբեք չի կարող որոշվել օտարեկրյա տերությունների կամ դեսպանությունների կողմից»։
Նման արձագանքը պատահական չէր։ Բանն այն է, որ իրանցիների ճնշող մեծամասնությունը Թեհրանի կոնֆերանսը ընկալում է որպես ազգային նվաստացման ևս մեկ դրվագ, քանի որ այն կազմակերպվել էր երկրի խորհրդա-բրիտանական դե-ֆակտո օկուպացիայի պայմաններում՝ իրանական իշխանությունների զրոյական մասնակցությամբ։
Պաշտոնանկությունից առաջ վերջին կաթիլն էլ Ճաղարյանի հարցազրույցն էր իրանական «Շարք» օրաթերթին, որում նա դիվանագետին ոչ այնքան բնորոշ անկեղծությամբ նշել էր, թե ռուս զբոսաշրջիկները Իրան չեն գալիս, որովհետև «կանայք այստեղ պարտավոր են գլխաշոր կրել, իսկ ալկոհոլային խմիչքների վաճառքն ու սպառումը խստիվ արգելված է»։