2021-ին կյանքի մակարդակը հետընթաց է արձանագրել աշխարհի 10 երկրից 9-ում. ՄԱԿ

2021 թվականին կյանքի մակարդակը հետընթաց է արձանագրել աշխարհի տասը երկրներից իննում, վկայում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հատուկ զեկույցը։

«Մարդկային զարգացման զեկույցի» համաձայն՝ աշխարհի ամենազարգացած երկիրը համարվում է Շվեյցարիան, երկրորդ և երրորդ հորիզոնականներում են Նորվեգիան և Իսլանդիան։ Գերմանիան զիջելով դիրքերը հասել է 9-րդ հորիզոնական։ Միացյալ Նահանգները, որը գլխավորում էր վարկանիշային աղյուսակը 1990 թվականին, այժմ գտնվում է 21-րդ տեղում, Ռուսաստանը՝ 52-րդ, Հայաստանը՝ 85-րդ։ Ցանկն ավարտվում է Հարավային Սուդանով, որը կյանքի մակարդակով 191-րդն է աշխարհում:

Զեկույցի հեղինակները կյանքի որակի վատթարացման պատճառներից առանձնացնում են ջրհեղեղը, հրդեհը, համաճարակը։

Փորձագետները նշում են նաև, որ ամբողջ աշխարհում նկատվում է հոռետեսական տրամադրությունների աճ․ 7 հարցվածներից 6-ն ասել են, որ վստահություն չունեն վաղվա օրվա հետ կապված։