Երեկ Կաունասում կայացած հանդիպման ժամանակ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի ԱԳ նախարարները պայմանավորվել են սահմանի հատման սահմանափակումներ մտցնել շենգենյան վիզա ունեցող Ռուսաստանի քաղաքացիների համար՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ պատերազմի:
Սպասվում է, որ արգելքն ուժի մեջ կմտնի այս ամիս: Բացառություններ են արվելու միայն դիվանագետների, բեռնատարների վարորդների, ինչպես նաև ընտանեկան ու մարդասիրական նկատառումներով մուտք գործող քաղաքացիների համար։
Որոշումները կընդունվեն ազգային կառավարությունների կողմից և ուժի մեջ կմտնեն միաժամանակ։
Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը, հայտարարելով համաձայնության մասին, նշել է, որ վերջին ամիսներին շենգենյան վիզա ունեցող Ռուսաստանի քաղաքացիների թիվը, ովքեր հատում են սահմանը, «զգալիորեն աճել է»։ «Դա դառնում է հասարակական անվտանգության խնդիր և արդեն բարոյական ու քաղաքական բնույթի հարց է», - լատվիացի նախարարի խոսքն է մեջբերում Reuters լրատվական գործակալությունը։
Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն ցանկություն է հայտնել, որ արգելքն ուժի մեջ մտնի «առաջիկա շաբաթների ընթացքում». - «Որպեսզի մեր տարածքում ֆիզիկապես ավելի քիչ լինեն ագրեսոր երկրի քաղաքացիները», - ասել նա։
Ամռան վերջին Եվրամիության երկրները որոշել են կասեցնել Ռուսաստանի հետ վիզաների տրամադրման պարզեցված ընթացակարգի մասին համաձայնագիրը։ Համաձայնագիրը կդադարի գործել սեպտեմբերի 12-ից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրահանձնաժողովը հաստատեց Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրից հրաժարվելու որոշումը