Թուրքիայի նախագահը զգուշացրել է Հունաստանին՝ եթե Աթենքը չվերանայի իր քաղաքականությունը Անկարայի նկատմամբ, «մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»։ Արտահայտությունը, որով Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է հույներին, թուրք-հունական հակամարտությունը խորհրդանշող մի երգից է, որ տարածված է եղել 70-ականներին Հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի ժամանակ։
Էրդողանը երեկ կրկին Հունաստանին մեղադրել է թուրքական F-16 ինքնաթիռների նկատմամբ հունական հակահրթիռային պաշտպանական համակարգերի գործողությունների համար:
«Մեր ինքնաթիռների հետապնդման միջադեպը շարունակում է զգայուն հարց մնալ: Այսուհետ Հունաստանը ավելի երկար պետք մտածի ու որոշի, թե ինչ հարաբերություններ է ուզում ունենալ Թուրքիայի հետ: Հակառակ դեպքում, ինչպես միշտ ասել եմ, մի գիշեր հանկարծակի կարող ենք գնալ», - հայտարարել է Թայիփ Էրդողանը:
Պաշտոնական Աթենքն, արձագանքելով Էրդողանին, հայտարարել է, թե տեղի չեն տալու Թուրքիայի սպառնալիքներին և դաշնակիցներին տեղեկացնելու են, թե իրականում ով է սադրանքների գնում ու խաթարում ՆԱՏՕ-ի միասնականությունը:
Հունաստանի վարչապետ էլ անընդունելի է համարել ՆԱՏՕ-ում դաշնակից երկրից Հունաստանի ինքնիշխանությանը ուղղված սպառնալիքներ ստանալը: Կիրիակոս Միցոտակիսի խոսքով՝ Աթենքը միշտ ցանկանում է Անկարայի հետ երկխոսության գնալ բարիդրացիական հարաբերությունների, միջազգային իրավունքի և ծովային իրավունքի շրջանակներում: Մինչդեռ, պաշտոնական Անկարան պնդում է, թե Հունաստանը խուսափում է երկխոսել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան պնդում է, թե Հունաստանն իր դեմ թշնամական գործողություն է իրականացրել«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն նամակով դիմել է ԵՄ անդամ 25 պետությունների ղեկավարներին, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելին, ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարներին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին՝ ուշադրություն հրավիրելով վերջին շաբաթներին սրացած Էգեյանի խնդիրների վրա:
Թուրքիան պնդում է, որ Հունաստանը Էգեյան ծովում «անօրինական գործողությունների է դիմում և հանդես է գալիս առավելապաշտական պահանջներով»։ Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ նամակը միջազգային հանրության ներկայացուցիչներին է փոխանցվել սեպտեմբերի 1-ին։
«Հունաստանը պնդում է, որ Էգեյան ծովում գտնվող կղզիների շուրջ իր օդային տարածքը 10 ծովային մղոն է կազմում, այն դեպքում, երբ հունական տարածքային ջրերը ավարտվում են ափից 6 ծովային մղոն հեռավորության վրա: Չնայած Թուրքիայի երկխոսության մեջ մտնելու պատրաստակամությանը, Հունաստանը խուսափում է դրանից՝ ԵՄ ներքաշելով Էգեյան ծովում առկա խնդիրներին»,- նշված է Չավուշօղլուի նամակում, որտեղ ներկայացված են Թուրքիայի տեսակետներն ու դիրքորոշումը այս խնդիրների վերաբերյալ:
Շաբաթներ շարունակվող թուրք-հունական լարվածությանն անդրադարձել է Վաշինգտոնը՝ հայտարարելով, թե բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգված ու պաշտպանված լինեն, և Հունաստանի ինքնիշխանությունը կղզիների նկատմամբ կասկածի տակ չէ:
Հունական լրատվամիջոցներին իր գրավոր պատասխանի մեջ ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտնել է, որ շարունակում է հորդորել ՆԱՏՕ-ում իր դաշնակիցներին միասին աշխատել տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման համար և տարաձայնությունները հարթել դիվանագիտական ճանապարհով: Վաշինգտոնը նաև կողմերին կոչ է արել հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից և իրավիճակը սրող քայլերից:
Թուրք - հունական հերթական այս լարվածությունը չի մարում արդեն շաբաթներ շարունակ։ Բացի Թուրքիայի օդային սահմանը խախտելու մեղադրանքներից, Անկարայի և Աթենքի միջև հիմնական վեճերը Կրետե կղզու և Կիպրոսի միջև ընկած էներգետիկ ռեսուրսներով հարուստ ծովային տարածքների պատկանելության շուրջ են։ Թուրքիային նաև մտահոգում է հունական կղզիների վերազինումը, իսկ Հունաստանն իր գործողությունները ինքնապաշտպանական է համարում: