Զուրաբյան. - Մենք ուզում ենք ուղղակի խաղաղության պայմանագի՞ր, փաստաթո՞ւղթ, թե՞ մենք ուզում ենք խաղաղություն։ Օրինակ, 97 թվի այդ խաղաղության պայմանագիրը փուլային տարբերակի նախատեսում էր, որ Ադրբեջանը ընդհանրապես գոյություն ունեցող ճակատային գծից մի սանտիմետր ոչ միայն առաջ չէր գնալու, այլև տասը կիլոմետր էլ պիտի քաշվեր ետ։ Եվ հանձնվող շրջաններ, խոսքը Ղարաբաղից դուրս շրջանների մասին է, պետք է վերադառնային միայն ոստիկաններ, ընդ որում, կարող էին թեթև զենք ունենային և հազար հոգու վրա մի ոստիկան։ Մաքսիմում հինգ հարյուր ոստիկան պիտի վերադառնար։ Այսինքն՝ սա այն ենթատեքստն է, որը խաղաղության պայմանագիրը դարձնում է խաղաղության պայմանագիր։ Հիմա, արդյո՞ք այդ ենթատեքստը ապահովվում է, այս իշխանությունները այդ ենթատեքստը ապահովո՞ւմ են, թե՞ ոչ։ Մենք չենք տեսնում դա։
«Ազատություն». - Հինգ կետերին ի պատասխան Երևանը ասել է, որ Հայաստանի համար հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների ու ազատությունների հարգման, ինչպես նաև վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։ Բանակցությունները կարող են Ձեր ասած մյուս դետալները արդեն թղթին հանձնել։
Զուրաբյան. - Բայց բանն էլ այն է, որ մեր իշխանությունները որևէ գաղափար դրա վերաբերյալ չեն հայտնել։ Ադրբեջանցիք շատ հստակ են ասում ինչ են իրենք ուզում։ Էդ հինգ իրանց կետերի մեջ ամենասկզբունքայինը և կարևորը ադրբեջանցիների համար այն է, որ նրանք ասում են՝ պետք է անպայման էդ խաղաղության պայմանագրով ճանաչեք մեր տարածքային ամբողջականությունը, և դա կլինի փոխադարձ ճանաչում։ Իսկ եթե չեք ճանաչելու, ուրեմն մենք էլ չենք ճանաչի ձեր տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը դրանով ակնարկում է, որ կարող ենք ցանկացած ոտնձգություն կատարել Սյունիքի, Տավուշի կամ որևէ... դա բացահայտ սպառնալիք է։
«Ազատություն». - Եթե այդ փաստաթղթում ճանաչվի միմյանց տարածքային ամբողջականությունը, արդյո՞ք չի նշանակում հրաժարվել Լեռնային Ղարաբաղից։
Զուրաբյան. - Իհարկե էդպիսի բան չի եղել դեռ, որ Հայաստանի Հանրապետությունը ընդունի նպատակաուղղված կամ հենց կոնկրետ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նման բան դեռ չի եղել, ինչքան էլ ստեն մեր այսօրվա իշխանություններն դրա մասին։ Եղել է ընդհանուր կոնտեքստում, որ մենք միջազգային իրավունքի տարբեր կազմակերպություններին անդամակցելիս ընդունել ենք այդ կազմակերպության անդամակցած բոլոր այլ երկրների տարածքային ամբողջականությունը։ Առանց դրա դու ուղղակի ոչ մի կազմակերպություն չէիր կարա ընդունվեիր, ընդհանրապես չէիր էլ կարող դրանից հետո դիվանագիտական աշխատանք տանել։ Դրա համար Ադրբեջանը հիմա դնում է կոնկրետ հարց, ասում ա՝ հենց մեր տարածքային ամբողջականությունը պիտի ընդունեք։ Հիմա տեսեք, նորից խոսքը գալիս է կոնտեքստի մասին։ Երբ որ 97 թվականին փաթեթային տարբերակը առաջարկելիս ասվում էր, որ թեև Ղարաբաղը ըստ էության դե ֆակտո անկախ պետություն էր դառնում, բայց պիտի ընդունվեր, որ ինքը Ադրբեջանի մասն է, այսինքն՝ Հայաստանը ճանաչեր տարածքային ամբողջականությունը, պատասխանը հետևյալն էր. մենք ասացինք, որ էդ հարցի քննարկմանը մենք պատրաստ ենք վերադառնալ և քննարկել միայն այն բանից հետո, երբ որ վերջնականապես կարգավորվի, այսինքն՝ լրիվ պարզություն մտնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մեջ։ Էդ կոնտեքստով էինք պատասխանել։ Հիմա իհարկե կոնտեքստը մի քիչ փոխվել է, ու հիմնականում էս կործանարար քաղաքականության պատճառով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տարավ, և մենք ջախջախվեցինք էս պատերազմի մեջ, իհարկե ուժային բալանսը փոխվել է, բայց կոնտեքստը միևնույն է կարևոր է։ Մի բան է, եթե դու ուղղակի ճանաչում ես տարածքային ամբողջականությունը և դրան ոչ մի բան չի հետևում, կամ զուգահեռ որևէ փաստաթուղթ կամ համաձայնություն չկա։ Դա իսկապես նշանակում է, որ դու ուղղակի թքում ես Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի վրա։ Դու ընդունում ես, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, եթե անգամ դա կա, պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Բայց լրիվ այլ իրավիճակ կարող է լինի, եթե դուք մտցնում եք ինչ-որ կարևոր կոնտեքստ դրա մեջ։ Օրինակի համար. եթե էդ խաղաղության պայմանագրի կետերով, կամ անպայման չի, որ դա լինի խաղաղության պայմանագրի կետերով, դա կարող է ինչ-որ կոնտեքստ ձևավորվի, ընդ որում՝ ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանագրի հիման վրա, այլ միջազգային այլ շրջանակներում ձևավորվելիք ֆորմատների մեջ, ասենք եռակողմ՝ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, կամ Մինսկի խումբ, որը ավելի մի քիչ քիչ ռեալիստական է այս պահին թվում Մինսկի խմբի համանախագահների միջև եղած անհաղթահարելի հակասությունների պատճառով։ Բայց եթե Ադրբեջանի ստանձնի, օրինակի համար, ինչ-որ պարտավորություններ, որ ինքը պատրաստ է ինստիտուցիոնալ բանակցությունների Լեռնային Ղարաբաղի այսօրվա իշխանությունների հետ։ Դա Ադրբեջանի համար ընդունելի ձևակերպումներով կարելի է կիրառել, որ ի վերջո կա էնտեղ հայկական բնակչություն, նա ունի իր ներկայացուցիչները, և իրենց հետ ինչ-որ հարց կարգավորելու համար իրենք պետք է մտնեն ինստիտուցիոնալ բանակցությունների մեջ։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.