Չավուշօղլուն նամակ է հղել միջազգային հանրությանը՝ բողոքելով Հունաստանից

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն նամակով դիմել է ԵՄ անդամ 25 պետությունների ղեկավարներին, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելին, ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին՝ պնդելով, որ Հունաստանը Էգեյան ծովում «անօրինական գործողությունների է դիմում և հանդես է գալիս առավելապաշտական պահանջներով»։

«Հունաստանը պնդում է, որ Էգեյան ծովում գտնվող կղզիների շուրջ իր օդային տարածքը 10 ծովային մղոն է կազմում, այն դեպքում, երբ հունական տարածքային ջրերը ավարտվում են ափից վեց ծովային մղոն հեռավորության վրա», - Չավուշօղլուի նամակի այս հատվածն է մեջբերում թուրքական Hurriyet պարբերականը։

Թերթի տեղեկություններով՝ նամակը միջազգային հանրության ներկայացուցիչներին է ուղարկվել սեպտեմբերի 1-ին։

Չավուշօղլուի պնդմամբ՝ «Չնայած Թուրքիայի երկխոսության մեջ մտնելու պատրաստակամությանը, Հունաստանը խուսափում է դրանից՝ ԵՄ ներքաշելով Էգեյան ծովում առկա խնդիրներին»։