Էրդողանը Աթենքին մեղադրել է Էգեյան ծովի օդային տարածքի ենթադրյալ խախտումների համար

Թուրքիայի նախագահն այսօր կրկին սպառնացել է Աթենքին՝ հերթական անգամ հունական կողմին մեղադրելով Էգեյան ծովի օդային տարածքի ենթադրյալ խախտումների համար։ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է՝ ժամանակն է, որ Աթենքը «սթափվի»։

«Հակառակ դեպքում, ինչպես ես միշտ ասում եմ, մենք կարող ենք մի գիշեր հանկարծակի իջնել այնտեղ», - Բալկանյան երկներ մեկնելուց առաջ լրագրողներին ասել է Էրդողանը։

Թուրքիայի առաջնորդը նկատի ունի հունական S-300 հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք, ըստ Անկարայի, հետապնդել են Էգեյան ծովի վրայով թռիչքներ իրականացնող թուրքական F16 ինքնաթիռներին։

Աթենքը հերքում է թուրքական կողմի մեղադրանքները։

Շաբաթավերջին էլ Թուրքիայի առաջնորդը ՆԱՏՕ-ի դաշնակից Հունաստանին մեղադրել էր Էգեյան ծովի ապառազմականացված կղզիները «բռնազավթելու» համար։ Թուրքիան պնդում է, որ Հունաստանն անօրինական կերպով ռազմականացնում է Էգեյան ծովի արևելքում գտնվող իր կղզիները, ինչն արգելված է 1923 թվականի Լոզանի և 1947 թվականի Փարիզի պայմանագրերով։ Մինչդեռ Աթենքը հակադարձում է, որ իր զինվորները տեղում են՝ Թուրքիայի արևմտյան ափից մոտեցող նավերից կղզիները պաշտպանելու համար: