Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Բաքուն այսօր հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ պնդելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 5-ին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Հայաստանի ռազմական գերատեսչույթունն ընդգծում է՝ Ադրբեջանի այս գործելաոճը, որի հիմքում հայկական կողմի՝ ագրեսիվ գործողություններ իրականացնելու և հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունն արհեստականորեն սրելու փորձերի վերաբերյալ բացարձակ կեղծ տեղեկությունների տարածումն է, ոչ մի կերպ չի նպաստում սահմանային իրավիճակի իրական կայունացմանը։
«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ավելին՝ ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմից արձակված կրակոցից նախօրեին մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը», - ասված է հաղորդագրությունում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, թե «վերջին շրջանում ադրբեջանա-հայկական պետական սահմանին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները ինտենսիվ կրակում են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ»՝ մասնավորապես նշելով, թե սեպտեմբերի 5-ի երեկոյան հայկական զինված ուժերը Վարդենիսի շրջանի դիրքերից գնդակոծել են ադրբեջանական դիրքերը։
Նմանատիպ հաղորդագրություններ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը տարածել է նաև անցած մի քանի օրերին։ Երևանը հերքել է՝ դրանք որակելով ապատեղակատվություն։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը հայկական կողմին կրկին մեղադրում է իր դիրքերը գնդակոծելու մեջ, Երևանը հերքում է