Մարտական դիրքում զինվոր է զոհվել, նախնական տվյալներով՝ հակառակորդի կրակոցից. ՊՆ

Երեկ երեկոյան հայ - ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Սարգսյանը:

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն, նախնական տվյալներով` 20-ամյա զինծառայողը զոհվել է հակառակորդի արձակած կրակոցից:

Փաստի առթի կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

«Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Արման Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին», - ասված է հաղորդագրությունում:

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ զինծառայողի սպանության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով` «սպանություն՝ ռասայական, ազգային, էթնիկ, կրոնով [...] կամ այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով»:

«Նախնական տեղեկություններով՝ 2022թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի ուղղությամբ, ինչի արդյունքում նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գագիկի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վնասվածք», - մանրամասնում է Քննչական կոմիտեն:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է հայկական կողմի հաղորդագրությունը՝ պնդելով, թե իրենց ստորաբաժանումները կրակ չեն բացել սահմանին: