Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարության շարունակվող թշնամական հայտարարությունները Հունաստանի և հույն ժողովրդի նկատմամբ լուրջ անհանգստություն են առաջացնում Եվրամիությունում։
«Եվրամիությունը բազմիցս ընդգծել է, որ տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի և երկրների կենսական ու օրինական շահերի լիակատար հարգմամբ: Սպառնալիքներն ու ագրեսիվ հռետորաբանությունն անընդունելի են և պետք է դադարեցվեն», - ասվում է երկուշաբթի երեկոյան Բրյուսելում տարածված կոմյունիկեի մեջ:
Փաստաթղթում ասվում է, որ «բովանդակալից և անկեղծ երկխոսությանը մասնակցությունն անհրաժեշտ է լարվածությունը թուլացնելու, փոխըմբռնումը խթանելու և բարիդրացիական հարաբերությունները զարգացնելու համար»։
«ԵՄ-ը վերահաստատում է իր ակնկալիքները Թուրքիայից, որ նա լրջորեն կաշխատի լարվածության կայուն թուլացման ուղղությամբ՝ ի շահ Միջերկրական ծովի արևելքում տարածաշրջանային կայունության, և լիովին կհարգի ԵՄ անդամ բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», - ընդգծված է փաստաթղթում:
Ե՛վ Անկարան, և՛ Աթենքը նույն ռազմական դաշինքի՝ ՆԱՏՕ-ի մաս են կազմում։ Երկու երկրների միջև հիմնական վեճերը Կրետե կղզու և Կիպրոսի միջև ընկած էներգետիկ ռեսուրսներով հարուստ ծովային տարածքների պատկանելության շուրջ են։ Թուրքիային նաև մտահոգում է հունական կղզիների վերազինումը, իսկ Հունաստանն իր գործողություններն ինքնապաշտպանական է համարում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան պնդում է, թե Հունաստանն իր դեմ թշնամական գործողություն է իրականացրել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան Հունաստանին մեղադրում է իր F-16-երին ռուսական S-300-ով հետևելու մեջ