Չորս կուսակցություն պայքար է սկսել Ալավերդու խոշորացվող համայնքի ղեկավարի պաշտոնի համար։ Քարոզարշավի մեկնարկին ընտրողները դեռ առավելապես «Քաղաքացիական պայմանագիր» ու «Ապրելու երկիր» կուսակցություններին են նշում որպես հիմնական մրցակիցներ։ Հայ ազգային կոնգրեսի և Հայ հեղափոխական դաշնակցության թեկնածուները շատերին դեռ անհայտ են։ Վերջիններս նաև գովազդային պաստառներ չունեն, ակտիվ քարոզարշավ չես սկսել։
«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Արեն Մկրտչյանը, որ խորհրդարանի պատգամավոր է, ասում է՝ ընտրվելու դեպքում վայր կդնի մանդատն ու կանցնի «զանգվածային խնդիրներ և հուսալքություն ունեցող» համայնքի ղեկավարմանը։ Խոստանում է արմատախիլ անել կոռուպցիան համայնքապետարանում, ավելի սերտ համագործակցել կառավարության հետ ու խոշոր ներդրումներ բերել համայնք՝ գործընկերների օգնությամբ։
«Մենք նախընտրական համերգներ, ձեթ, ալյուր, 20 հազար դրամներ, չգիտեմ ինչեր չենք բաժանում, չենք բաժանել, չենք բաժանելու, մենք գենետիկ անհամատեղելի ենք նման բովանդակության քարոզարշավների հետ: Սա քարոզչության մեկնարկն է, բնականաբար, աշխուժությունը գնալով կավելանա, քանի մոտենա դեպի սեպտեմբերի 25, մարդիկ ավելի ու ավելի տեղեկացված կլինեն», - ասաց նա:
Սեպտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններով միավորվում են 4 հարևան համայնքներ՝ Ալավերդի կենտրոնով։ Իշխանության հիմնական մրցակիցը միավորվող համայնքներից մեկի՝ Ախթալայի գործող ղեկավար Արկադի Թամազյանն է։ Նախկին հանրապետականը դեռ 2017-ի ընտրություններին աջակցություն չստացավ հարազատ կուսակցությունից։ Ինքնաառաջադրվեց, հաղթեց կուսակցին, որ գործող համայնքապետն էր, և ընտրություններից անմիջապես հետո հրաժարվեց Հանրապետականի անդամությունից։ Անկուսակցական թեկնածուն այժմ գլխավորում է «Ապրելու երկրի» ընտրական ցուցակը։
«Մենք սկզբից մտածում էինք Թամազյան դաշինքով հանդես գալ: Քանի որ այդ հնարավորությունը չի տալիս Ընտրական օրենսգիրքը, մենք փորձել ենք համագործակցել, և ստացվել է` «Ապրելու երկիր» կուսակցության հետ համատեղ գնում ենք արդեն ընտրություններին», - նկատեց նա:
Թեկնածուն շեշտում է՝ պաշտոնավարման 5 տարիներին աննախադեպ խոշոր ծրագրեր է բերել Ախթալա թե՛ պետական և թե՛ միջազգային ներդրումներով։ Նույնը կանի նոր էլ ավելի խոշորացող համայնքում. «Մենք ցանկացած խնդրի հետևից գնում ենք: Ձևաչափը, թե ձևաչափով կլուծենք, լուծում գտնում ենք, սա է կարևորը մեզ համար»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալավերդու առաջիկա ՏԻՄ ընտրություններին 4 կուսակցություն է մասնակցումՄրցապայքարի մեջ մտած չորս թեկնածուներից միայն Արեն Մկրտչյանն ու Արկադի Թամազյանն են ընտրողների հետ հրապարակային հանդիպումներ սկսել, թեև ընտրություններին 20 օր է մնացել։ «Ապրելու երկրի» թեկնածուն գյուղերի կենտրոնում էր լսում մարդկանց խնդիրներն ու ներկայացնում ծրագրերը, իշխանության թեկնածուն՝ շրջում Ալավերդիում, հորդորում մասնակցել քվեարկությանը։
Արևածագ գյուղում հանդիպման եկած ընտրողներն առանց կոնկրետ փաստեր նշելու ասացին՝ վարչական ռեսուրսներ են կիրառում։
Թե՛ «Քաղաքացիական պայմանագիրը» և թե՛ «Ապրելու երկիրը» հերքում են՝ ձայներ ունենալու նման մեթոդներն իրենց համար անընդունելի են, և որ ազնիվ մրցակցության կողմնակից են։
«Առանց լարվածության, առանց ավելորդ սադրանքների տրվելու շփվում ենք քաղաքացիների հետ», - ասաց Արեն Մկրտչյանը:
«Բայց ձեզանից էլ է կախված, մենակ մի ասեք ոչ մի ճնշում, որ դուք որևիցե մեկի ճնշումը թույլ չտաք, ո՞վ է ասելու, ի՞նչ են անելու», - ասաց Արկադի Թամազյանը:
Հայ ազգային կոնգրեսի թեկնածու Նորայր Գևորգյանի թիմը դեռ քարոզարշավ չի սկսել։ Ասում է՝ ՀԱԿ-ը, որ Ալավերդիում առաջին անգամ է մասնակցում տեղական ընտրություններին, նոր ասելիքով կմասնակցեն համայնքի կառավարմանը։ Կարծում է՝ գործազրկության բարձր մակարդակ ունեցող շրջանում աշխատողների լուրջ պակաս կա։
«Դրայվ է պետք այս քաղաքին, բիզնես միջավայրի հետ, բոլորի հետ շփվելով` նկատում եմ, որ բոլորի մոտ, ովքեր հասկանում են, որ կադրերն են որոշում ամեն ինչ, աշխատողի խնդիր կա, մասնագետի խնդիր կա, որակյալ բանվորի նույնիսկ խնդիր կա, բարեխիղճ բանվորի խնդիր կա», - նշեց նա:
Դաշնակցությունը ներկայացնող, նախկին հանրապետական Սուրեն Թամազյանը 12 տարի ղեկավարել է Ախթալա քաղաքը։ Հետո հարազատ կուսակցությունից հեռացել՝ հայտարարելով, թե «իր գլխին գործ են սարքել»։ Թամազյանը մեղադրվում էր պաշտոնավարման տարիներին տեղական բյուջեի հաշվին շուկայականից բարձր գներով «Մերսեդես» մակնիշի ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Պաշտոնից հեռանալուց և ՀՀԿ անդամատոմսից հրաժարվելուց հետո դատարանը նրան մեղավոր էր ճանաչել և տուգանել ընդամենը 200 հազար դրամով։ 14 տարի առաջ Հանրապետականից նեղացած Սուրեն Թամազյանը նույն Հանրապետականի գործընկեր Դաշնակցության ցուցակն է գլխավորում որպես անկուսակցական։
«Տեսա, որ առաջադրված թեկնածուներից ոչ մեկը չի կարող մեր շրջանում հարցերը լուծել կամ չի ուզենա, անտարբեր չլինելով որոշեցի մասնակցել ընտրություններին», - ասաց նա:
Ալավերդիում ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 25-ին։