Մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Ստարմուս» փառատոնը: Անունն արդեն հուշում է՝ star և music, այսինքն, աստղեր և երաժշտություն: Այն նվիրված է գիտությանը և երաժշտությանը ու միավորում է այդ երկու կոմպոնենտը:
Բացման արարողությանը մասնակցել են Հայաստանի վարչապետը, նախագահը, Ազգային ժողովի նախագահը:
Բացման խոսքով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով, որ այս փառատոնը կնպաստի Հայաստանում նաև գիտության զարգացմանը: Նա կարևորեց նաև, որ փառատոնը կրում է «50 տարի Մարսի վրա» խորագիրը ու որ նաև անդրադարձ է լինելու հայազգի հայտնի ինժեներ, գիտնական Ալեքսանդր Քեմբուրջյանին, ում սարքը եղել է հենց Մարսի վրա:
Բացման արարողությանը հետևեց Սթիվեն Հոքինգի մեդալի հանձնումը, որին արժանացավ «Քուին» խմբի կիթառահար Բրայան Մեյը: Այն անվանում են «Գիտության օսկար» և տրվում է նրանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել գիտության հանրայնացման մեջ:
Ամբողջ շաբաթվա ընթացքում սպասվում են դասախոսություններ՝ տարբեր գիտնականների նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մասնակցությամբ: Կլինեն նաև բաց դասախոսություններ գրեթե բոլոր բուհերում ու կրթական հաստատություններում ամեն օր ժամը 11-ին:
Նախատեսված են նաև համերգներ համաշխարհային հայտնի աստղերի մասնակցությամբ, ինչպիսիք են «Քուին» խմբի լեգենդար կիթարահար Բրայան Մեյը, System of a Down-ից Սերժ Թանկյանը, Դերեկ Շիրինյանը, ռուսական ռոքի հայտնի ներկայացուցիչ Անդրեյ Մակարևիչը և շատ հայտնի այլ աստղեր:
Մինչև բացման արարողությունը տեղի ունեցած մամուլի ասուլիսում բաց տիեզերքում գտնված տիեզերագնաց Գարեթ Ռայզմանը նշեց. «Ստարմուսը» փառատոն է այն մասին, որ այստեղ կարող են ներգրավված լինել ոչ թե հաջողակ մարդիկ, ինչպես ես եմ, այլ պարզապես մարդիկ, որոնք անգամ գիտությամբ չեն զբաղվում: Ինձ համար այստեղ գալն իրապես նվեր է, և ես այստեղ շատ բան եմ սովորել»: