Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը՝ հավելելով՝ հայկական կողմը կորուստ չունի:
Հայաստանի ռազմական գերատեսչությունը նաև հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հայտարարությունը, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ՝ այն անվանելով «ապատեղեկատվություն»:
Բաքուն, մասնավորապես, պնդում է, թե Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներն այսօր Վերին Շորժայի դիրքերից կրակ են բացել Քելբաջարում (Քարվաճառի) տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել է երկու ռազմական մեքենայի դիմային հատվածն ու ապակիները։
Այդ հաղորդագրությունը տարածելիս՝ ադրբեջանական կողմը ևս նշել էր, որ կորուստներ չունի։