1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունումը Ադրբեջանի ԽՍՀ կողմից հայերի դեմ էթնիկ զտումների քաղաքականության տրամաբանական հետևանքն էր, ինչի դրսևորումները առկա են նաև այսօր։ Այդ մասին ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունում:
«Հակառակ Ադրբեջանի իշխանությունների կողմից մշտապես հնչող այն հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր և Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր այլևս գոյություն չունի՝ փաստ է, որ Լեռնային Ղարաբաղում շարունակում են բնակվել շուրջ հարյուր քսան հազար հայեր, որոնք, որպես միջազգային հանրության անդամ, ունեն հավասար և անօտարելի իրավունքներ, և հակամարտությունը չի կարելի լուծված համարել, քանի դեռ չեն հասցեագրվել արցախահայության խորքային կարիքները», - հայտարարում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Պաշտոնական Երևանն ընդգծում է, որ «Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և իրավունքների երաշխավորումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարաժամկետ լուծումը՝ օգտագործելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փորձը և ներուժը, շարունակում են առանցքային լինել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հասնելու ճանապարհին»։
Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հանձնառու լինել Արցախի բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովման և իրենց բնօրրանում անվտանգ ապրելու համար, ասված է հայտարարությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է