Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանից պաշտոնական պատվիրակություն չի մեկնել Ստեփանակերտ՝ մասնակցելու Արցախի անկախության հռչակման առթիվ կազմակերպված միջոցառումներին։
Եթե նախորդ տարի սեպտեմբերի 2-ին՝ 44-օրյա պատերազմից հետո, պաշտոնական Երևանը խուսափեց կառավարության ներկայացուցիչներ գործուղել Արցախ, բայց այս օրը Ստեփանակերտում էր Ազգային ժողովի պաշտոնական պատվիրակությունը՝ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ, ապա այս տարի՝ Հայաստանի Ազգային ժողովից ևս պաշտոնական պատվիրակություն չմեկնեց։
Այդուհանդերձ, պաշտոնական այցի բացակայության պայմաններում Հայաստանի խորհրդարանական երեք խմբակցություններն էլ պատվիրակություններ են գործուղել Ստեփանակերտ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» բավարարվել է երկու հոգանոց խմբով՝ Լիլիթ Ստեփանյան և Ռուստամ Բաքոյան։ Վերջինս փոխանցեց՝ Արցախում են խմբակցության որոշմամբ։
«Ստեփանակերտում ենք որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր: Խմբակցության որոշումն էր, իհարկե, բոլորն էին ցանկանում, որոշումն այսպիսին էր, ու որոշման արդյունքում ես և տիկին Ստեփանյանն Արցախում ենք», - նշեց Բաքոյանը:
«Ազատության» հարցին՝ «անցած տարի պաշտոնական պատվիրակություն մեկնեց՝ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ, ու կար Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությունը, ի՞նչն է պատճառը, որ այս տարի նման պատվիրակություն չգործուղվեց», պատգամավորը պատասխանեց. - «Դուք հարց եք ուղղել, որն ուղղված է այլ մարդու, ոչ թե ինձ, այդ հարցը կարող եք պարոն Սիմոնյանին ուղղել»:
Թե Հայաստանի խորհրդարանի ղեկավարությունը ինչո՞ւ է խուսափել այս անգամ պաշտոնական պատվիրակություն գործուղել Արցախ, չհաջողվեց պարզել. Ազգային ժողովի լրատվական ծառայություն և խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարին, քարտուղարին «Ազատության» հեռախոսազանգերը անպատասխան էին։
Ստեփանակերտում առավոտյան պաշտոնական միջոցառումներին մասնակցել են նախագահ Արայիկ Հարությունյանը, խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանը, Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը։ Ինչ վերաբերում է Երևանից ներկայացուցիչներին, պաշտոնական հաղորդագրության մեջ ուղղակի նշված է՝ «հյուրեր Հայաստանի Հանրապետությունից»։
Արմեն Գրիգորյանն այցելել է Ստեփանակերտ
Օրվա ավարտին ֆեյսբուքյան գրառմամբ հանդես եկավ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայտնելով, թե այսօր այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոն և ծաղիկներ խոնարհել:
Հրապարակած լուսանկարներում Գրիգորյանը միայնակ է, և հասկանալի չէ` եթե այցը աշխատանքային է, կամ պաշտոնական, ինչո՞ւ այդ մասին չի հայտնում Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակը, ինչպես Գրիգորյանի այլ այցերի դեպքում։ Ինչո՞ւ է հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյան Արցախի պաշտոնյաներից առանձին` պաշտոնական միջոցառումից հետո այցելում Ստեփանակերտի հուշահամալիր։ Ինչո՞ւ չի մասնակցել պաշտոնական միջոցառմանը` Արցախի նախագահի և այլ պաշտոնատար անձանց հետ միասին, և ինչո՞ւ Արմեն Գրիգորյանի Ստեփանակերտ այցելության մասին լռում է ղարաբաղյան կողմը։ «Ազատության» հեռախոսազանգերը Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակ անպատասխան մնացին։
Արցախի անկախության միջոցառումներից այսօր բացակայում էին առաջին ու երկրորդ նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Արկադի Ղուկասյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն էՓաշինյանը վերստին բարձրացնում է ԼՂ կարգավիճակի խնդիրը
Այսօր Արցախի անկախության հռչակման առթիվ ուղերձներով են հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Առանց հստակեցնելու, թե ինչ կարգավիճակ է պատկերացնում Լեռնային Ղարաբաղի համար՝ Հայաստանի ղեկավարը նշել է. «Անտեղի են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրները, և ըստ այդմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, ինչի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային հանրության կողմից հաստատված և չչեղարկված մանդատ»։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ անորոշության պայմաններում այսօր հայտարարել է. «Արցախի ժողովուրդը 31 տարի հետո էլ հաստատակամորեն ու վճռական հայտարարում է, որ, ի հեճուկս ժամանակի բոլոր փորձությունների, հավատարիմ է իր ընտրած ուղուն, որն անշրջելի է ու անխափան։ Արցախը պետք է շարունակի իր ընթացքը անկախության ճանապարհով»:
Հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստանի արտգործնախարարությունը՝ դարձյալ շեշտելով, որ չնայած Ադրբեջանի պնդումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարելի լուծված համար։