«Իրանական արտադրության անօդաչու հարվածային սարքերի առաջին խմբաքանակն արդեն Ռուսաստանում է, սակայն Մոսկվայում մատակարարված սպառազինության որակից այնքան էլ գոհ չեն», - պնդում է արևմտյան մամուլը։
«Իրանական դրոնների մատակարարումը կարող է լուրջ լիցք հաղորդել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքում վարվող ռազմական գործողություններին։ Մի շարք տեխնիկական խնդիրները, այդուհանդերձ, ստվերել են դրոնների առաքման փաստը», - գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների և դաշնակից պետությունների անվտանգության ծառայությունների աշխատակիցներից մի քանիսին։ Նրանց պնդմամբ` իրանական արտադրության դրոնների առաջին խմբաքանակի փորձարկումների ժամանակ ռուսական կողմը շարունակաբար տեխնիկական խնդիրների է բախվել։ Ամերիկյան պարբերականը մեջբերում է իրանական դրոնների մատակարարմանը ուշի ուշով հետևեող դաշնակից պետություններից մեկի ներկայացուցչի խոսքերը, որը պնդել է, թե անօդաչուների կառավարման համակարգերում մի շարք թերություններ են ի հայտ եկել, և «ռուսները դժգոհ են»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան Թեհրանից ստացել է անօդաչուներ. Սպիտակ տան պաշտոնյաThe New York Times-ի տեղեկություններով` մոտ երկու շաբաթ առաջ անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը ռազմատրանսպորտային ավիացիայի օդանավերի միջոցով մի քանի օր շարունակ Իրանի ռազմական օդանավակայաններից սկսել են տեղափոխել Ռուսաստան։ Դրանից հետո մեկնարկել է դրանց փորձարկման փուլը, որը, սակայն, ռուսների մոտ զգալի հիասթափություն է առաջացրել, պնդում է թերթը։
«Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Ռուսաստան առաքված իրանական արտադրության առաջին անօդաչու թռչող սարքերը թե՛ մեխանիկական և թե՛ տեխնիկական թերություններ ունեն», - գրում է The New York Times-ը։
Հետախուզական փակ տվյալների վրա հիմնվելով՝ իրանական դրոնների որակի հետ կապված խնդիրները հաստատում են նաև Reuters-ի զրուցակիցները՝ նշելով, որ հայտնաբերված թերությունները ոչ թե հատուկենտ են, այլ` բազմաթիվ։
The New York Times-ի տեղեկություններով` Իրանը ռուսական կողմին է մատակարարում երկու տեսակի անօդաչու թռչող սարքեր՝ Mohajer-6 և Shahed։
«Mohajer-6-ը նախատեսված է հետախուզության համար, իսկ Shahed-ը, դատելով տեղական մամուլում իրանցի զինվորականների հնչեցրած հայտարարություններից, Թեհրանի արտադրած դրոնների շարքում ամենահզորն է», - գրում է ամերիկյան պարբերականը։
Նույն թերթի փոխանցմամբ՝ ռուսաստանցի զինվորականներն արդեն իսկ մասնակցում են Իրանի տարածքում անցկացվող դրոնների կառավարման վարժանքներին։
The New York Times-ն ընդգծում է, այդուհանդերձ, որ անգամ Ռուսաստան առաքված դրոններում արձանագրված թերությունները չեն նսեմացնում այն հանգամանքը, որ Իրանը անօդաչու սարքերի արտադրության գրեթե 40-ամյա փորձ ունի։
Թեհրանը հարվածային դրոններ է մատակարարում Լիբանանում, Գազայում, Եմենում, Իրաքում և Սիրիայում գործող իրանամետ խմբավորումներին։ Վերջին տարիներին հայտնի է դարձել նաև իրանական դրոնների՝ տարբեր երկրներ վաճառքի մասին։ The New York Times-ի տեղեկություններով` իրանական դրոնները գնել են Եթովպիան, Վենեսուելան, Սուդանը, իսկ Տաջիկստանում Թեհրանը նույնիսկ անօդաչուների համատեղ արտադրությամբ զբաղվող գործարան է ստեղծել։
Ռուսաստանը, սակայն, շարունակում է հերքել իր կողմից իրանական անօդաչուների գնման փաստը։