Երևանում ռուսների ցույցը խոչընդոտելու մասին փոխոստիկանապետի բացատրությունն ակտիվիստ Ալեքսեևն օրենքին հակասող է համարում

Մի խումբ ընդդիմադիր ռուսների Երևանում նախատեսված` պատերազմի և Ռուսաստանի նախագահի դեմ անցկացվող հավաքը խոչընդոտելուց ու երկու տասնյակ մարդկանց բերման ենթարկելուց մեկ շաբաթ անց` այսօր, փոխոստիկանապետը բացատրեց, թե ինչու են կանխել արտոնված ցույցը։

«Ոստիկանությունում առկա էին հստակ տեղեկություններ, և արդեն իսկ նշմարվում էր, որ տվյալ տարածքում առկա էին նաև այլ տեսակետի տիրապետող անձինք, ինչը նշանակում էր, որ չի բացառվում այդտեղ ընդամենը բախումների առկայությունը, ընդամենը նկատի ունեմ այն նվազագույնը, չհաշված, որ այն կարող էր վերածվել շատ ավելի լուրջ բախումների: Դրանով պայմանավորված որոշում է կայացվել, որ տվյալ հավաքը հենց այդ պահին պետք է…», - նշեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:

Նա օգոստոսի 24-ի մի խումբ ռուսների հավաքի անցկացումն արգելելը հիմնավորելիս հղում արեց «Հավաքների մասին» օրենքի 5-րդ հոդվածին, որտեղ նշված են մի քանի հիմքեր, որոնք գերակա են հավաքի ազատության նկատմամբ, դրանք են` «հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը»։

«Եթե նույնիսկ կային նման տվյալներ, ապա հենց ոստիկանության պարտականությունն է ապահովել խաղաղ ցույցի ընթացքը»

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը տարակուսած է՝ մի՞թե ոստիկանությունում լավ չգիտեն օրենքը. «Եթե նույնիսկ կային նման տվյալներ, ապա հենց ոստիկանության պարտականությունն է ապահովել խաղաղ ցույցի ընթացքը»:

Եթե անգամ ոստիկանության տվյալները ճիշտ էին, որ ցույցի մասնակիցները կարող էին հարձակման ենթարկվել, ապա լուծումը ցույցի մասնակիցներին բերման ենթարկելը չէր, նկատում է իրավապաշտպանը։

«Իր պարտականությունը չկատարելով, նկատի ունեմ ենթադրյալ խոչընդոտողներին չհեռացնելով, նրանց չմեկուսացնելով` ցույցը ընդհատել դա ակնհայտ խոսոտովանություն է սեփական պարտականությունների չկատարման մասին», - ասաց Սաքունցը:

«Իմ պատկերացումները ժողովրդավարության մասին մի ակնթարթում փլուզվեցին»

Այդպես էլ չկայացած ակցիայի 22 մասնակիցների էր ոստիկանությունը տարել բաժին, ընդ որում տեղում ձևակերպել էին՝ բերման են ենթարկել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով, իսկ հավաքի կազմակերպիչներից Յուրի Ալեքսեևին բոլորովին այլ բացատրություն էին տվել բերման ենթարկելիս։

«Ինձ տարան և ասացին՝ ձեր միջոցառումը չեղարկված է: Հարցրեցի, թե ի՞նչ հիմքով, ասացին, որովհետև ձեր հավաքը ազգության հանդեպ վիրավորական է», - պատմեց նա։

Ոստիկանությունը, սակայն, անգամ չի հասցրել լսել հավաքի ելույթները դրա բովանդակության մասին դատողություններ անելու համար, քանի որ մասնակիցներին տարել են հավաքի մեկնարկից առաջ։ Այնուամենայնիվ, Յուրի Ալեքսեևն ասում է` իրենց հավաքը որևէ ձևով չէր վիրավորում ռուս ժողովրդին, այն ուղղված էր Ուկրաինայում սկսված պատերազմի ու նախագահ Պուտինի դեմ:

«Մեր հավաքն իրականում հաջակցություն ժողովրդի էր, մեր պաստառներից մեկի վրա անգամ գրված էր՝ «փառք Ռուսաստանին», որքան էլ որ տարօրինակ հնչի, ոչինչ չկար այն մասին, թե Ռուսաստանը լավ երկիր չէ, ընդհակառակը` պատրաստվում էինք բղավել՝ «ազատություն Ռուսաստանին» կամ «Ռուսաստան առանց Պուտինի», - նշեց նա։

Հայաստանի փոխոստիկանապետի այսօրվա բացատրությունը, թե փոքրաթիվ ցույցը կարող էր վերածվել անկարգության, այդ պատճառով էլ այն թույլ չեն տվել, Մոսկվայից Երևան տեղափոխված քաղաքական ակտիվիստ Ալեքսեևին օրենքին հակասող է թվում։ Հայաստանի օրենքը հասցրել է ուսումնասիրել` ցույցի մասնակիցների անվտանգության ապահովումը հենց ոստիկանության գործն է. «Իմ պատկերացումները ժողովրդավարության մասին ու այն մասին, թե ինչ է թույլատրելի Հայաստանում, և ինչ` ոչ, մի ակնթարթում փլուզվեցին»։

«Հայաստանի իշխանությունը` հանձինս ոստիկանության, ցույց տվեց, որ ինքը ՌԴ քաղաքացիների համար նույնքան վտանգավոր է, ոնց որ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները, այդ ռեժիմը: Այս հարցին պետք է պատասխանեն, սա է հիմնական մտահոգող հարցը», - ասում է Սաքունցը:

Ուկրաինայի դեմ Պուտինի սկսած պատերազմի դեմ բողոքի ակցիաներին մասնակցած ու 15 օր կալանավայրում անցկացրած Ալեքսևն ասում է՝ չէր կարծում, թե Երևանում էլ ոստիկանությունը նման է ռուսականին և հույս ուներ, որ այստեղ ցուցարարների իրավունքները չեն խախտվում։ Ալեքսեևն ու իր համախոհները, այնուամենայնիվ, չեն ցանկանում զենքերը վայր դնել ու նախատեսում են բողոքի նոր ակցիաներ։