ՄԱԿ-ի հանձնակատարը մեղադրում է Պեկինին մարդու իրավունքների լուրջ ոտնահարումների մեջ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատար Միշել Բաչելետ, արխիվ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատար Միշել Բաչելետը մեղադրել է Չինաստանի իշխանություններին երկրի արևմտյան նահանգում մարդու իրավունքների լուրջ ոտնահարումների և հնարավոր է՝ մարդկության դեմ գործած հանցանքների մեջ։

Բաչելետի գլխավորությամբ պատրաստված զեկույցի համաձայն՝ մահմեդական ույղուրներով բնակեցված Սինցզյան նահանգում ազգային փոքրամասնություններին խտրական կերպով անազատության մեջ պահելը կարող է հանդիսանալ մարդկության դեմ գործած հանցանք։

Զեկույցը կոչ է անում Պեկինին անհապաղ քայլեր ձեռնարկել ՝բոլորին ազատ արձակելու «վերապատրաստման կենտրոններից» և բանտերից։

ՄԱԿ-ը վստահելի է համարել Սինցզյանում խտրական վերաբերմունքի և խոշտանգումների մասին հաղորդումները ու կոչ է արել անհետաձգելի միջազգային ուշադրության արժանացնել ստեղծված իրավիճակը։

ՄԱԿ-ում Չինաստանի դեսպանը հայտարարել է, թե Պեկինը դեմ էր զեկույցի հրապարակմանը և իր այդ դիրքորոշումը ներկայացրել էր Բաչելետին, ով երեկ աշխատանքային վերջին օրն էր անցկացնում իր պաշտոնում։