Միխայիլ Գորբաչով. «ԽՍՀՄ-ը փլուզվել է, որովհետև մարդիկ երջանիկ չէին»

Միխայիլ Գորբաչով. 1931-2022, Մոսկվա

Ռուսաստանում ցավակցում են, բայց «պերեստրոյկայի» հեղինակին չեն ներում ԽՍՀՄ կործանման համար:

«Գիտակցել է բարեփոխումների անհրաժեշտությունը, լուծումներ առաջարկել»

Նախօրեին մոսկովյան հիվանդանոցում 92 տարեկանում երկարատև հիվանդությունից վախճանվել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության վերջին գլխավոր քարտուղար, Խորհրդային Միության առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը:

Ռուսաստանի ներկայիս ղեկավարների արձագանքները ճիշտ արտացոլում են այդ վառ և, խորքի մեջ, ողբերգական անձի հանդեպ հանրության վերաբերմունքը:

Վլադիմիր Պուտինը և Դմիտրի Պեսկովը

Մի կողմից, նախագահ Վլադիմիր Պուտինն իր ցավակցական ուղերձում նշել է, որ «Գորբաչովը համաշխարհային պատմության վրա մեծ ազդեցություն է գործել, գիտակցել է բարեփոխումների անհրաժեշտությունը, լուծումներ է առաջարկել, վերջին տարիներին մարդասիրական կարևոր աշխատանք է վարել»:

Մյուս կողմից, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե առայժմ չկա որոշում պետական մակարդակով Գորբաչովին հրաժեշտ տալու մասին:

«Համբերեք, այսօր են զբաղվելու այդ հարցով, դեռ չգիտենք, թե ինչպիսին կլինի արարողակարգը, դա կախված կլինի հարազատների և մտերիմների ցանկությունից», -ասել է Պուտինի խոսնակը:

«Հանգչիր խաղաղությամբ, մենք այսօր ուղղում ենք քո սխալները»

Ցավակցություն են հայտնել վարչապետ Միխայիլ Միշուստինը, խորհրդարանի երկու պալատների բարձրաստիճան ներկայացուցիչները: Իսկ կոմունիստների ներկայիս լիդեր Գենադի Զյուգանովը, ով տասնամյակներ շարունակ ընդդիմացել է «պերեստրոյկայի» և «գլաստնոստի» հեղինակին, այսօր ասել է, թե «Գորբաչովը Ռուսաստանի հազարամյա պատմության այն ղեկավարներից էր, ով երկրին, նրա բարեկամներին և դաշնակիցներին բացարձակ վիշտ ու դժբախտություն է բերել»:

«Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության լիդեր Սերգեյ Միրոնովն ասել է, թե Գորբաչովը փոփոխության հույս է տվել սովետական ժողովրդին, բայց դա հանգեցրել է պետության կազմալուծմանը: Մարդիկ կորցրել են հրաշալի երկիր, համամարդկային իրավունքների փոխարեն ի հայտ են եկել քաոս, գործազրկություն և միլիոնավոր ռուսների թշվառություն:

«Հանգչիր խաղաղությամբ, Միխայիլ Սերգեևիչ, մենք այսօր ուղղում ենք և անպայման կուղղենք քո սխալները»,- ասվում է Միրոնովի ուղերձում:

Բազմիմաստ խոսք է, եթե նկատի առնենք ավելի քան կես տարի տևող ռուս-ուկրաինական արյունալի պատերազմը:

Գորբաչովն ընkճված է հեռացել, Սովետը քանդվել է, Բելովեժյան թավուտում կնքվել է Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի համաձանագիրը, և Կրեմլում նրա համար այլևս տեղ չի մնացել: 1991 թվականի դեկտեմբերին 25-ին նա տեսաուղերձով դիմել է ժողովրդին և հայտնել է հրաժարականի մասին:

Ելցինականները վիսկի են խմել նրա հրաժարականի հաջորդ օրը

Հետագայում նա դառնացած կասի, թե իրեն խոստացել էին ժամանակ տալ, որ գա, հանգիստ հավաքի իրերը, որ մենակ կլինի և ուրիշների ներկայությունից չի ճնշվի:

Նա եկել է Կրեմլ ու տեսել աշխատասենյակում հաղթականը վիսկիով նշող Բորիս Ելցինի թիմակիցներին:

Գուցե նման ճակատագրի մասին է կարելի ասել՝ «Չկա անարգված մարգարե, բայց միայն՝ իր գավառում և իր տանը»:

Հայրենիքում շատերը նրան համարել են թուլամորթ, անհետևողական, շփոթված և կամազուրկ լիդեր, որի օրոք ազգամիջյան բախումների, անջատական շարժումների և տնտեսական-սոցիալական ճգնաժամի մահացու հարվածից կործանվել է հսկայական գերտերությունը, որը «սառը պատերազմում» պարտվել է Արևմուտքին:

Այդ պատմական պարտությունը հոգեբանական ծանր տրավմա է առաջացրել ռուսաստանցիների մի քանի սերունդների, այդ թվում՝ Դաշնության ներկայիս ղեկավարների մոտ:

Welcome Gorby

Եվ եթե այսօր հայրենիքում շատերը, նախևառաջ Ռուսիայի կայսերական փառավոր անցյալը կարոտախտով հիշողները, քննադատում են Գորբաչովին, ապա Արևմուտքում նրան առայսօր համակրում, «Գորբի» են անվանում, նշում են նրա անուրանալի դերն ազատության հասնելու գործում:

Welcome Gorby: Այդպես են Արևմուտքում դիմավորել նրան տասնյակ հազարավոր շարքային մարդիկ, որոնց զարմացրել և հիացրել է ավտրոշարասյունը կանգնեցնելու և ամբոխին մոտենալու ու զրույցի բռնվելու խորհրդային լիդերների համար բացարձակ խորթ և աննախադեպ այդ գործելակերպը:


Արևմուտքում նրան հաճախ ողջունել են որպես մի ռոք աստղի: Մարդկանց ուրախացրել են խոսքի ազատության և դեմոկրատական արժեքների կարևորության մասին «Գորբիի» ուղերձները:

«Նա հնարավոր դարձրեց Գերմանիայի վերամիավորումը»

Եվրոպայում «պերեստրոյկայից», թերևս, ամենամեծ օգուտը ստացել է Գերմանիան, և այսօր այդ երկրի կանցլերն արժանին է մատուցել Գորբաչովին:

«Նա խիզախ բարեփոխական էր և պետական այր: Նա առանց արյունահեղության ավարտեց «սառը պատերազմը», մենք չենք մոռանա «պերեստրոյկան», դա Ռուսաստանում դեմոկրատիա հաստատելու փորձ էր, դա հնարավոր դարձրեց տապալել «երկաթե վարագույրը», հնարավոր դարձրեց Գերմանիայի վերամիավորումը»,- ասել է Օլաֆ Շոլցը, ափսոսանքով հավելելով, որ Գորբաչովը կյանքից հեռացավ Ռուսաստանում դեմոկրատիայի տապալման ժամանակաշրջանում:

Պլաֆ Շոլցը և Ջո Բայդենը

«Հազվագյուտ և խիզախ լիդեր»

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդեննն այսօր Գորբաչովին անվանել է «հազվագյուտ լիդեր, ով ուներ երևակայություն՝ տեսնելու, որ հնարավոր է այլ ապագա և քաջություն՝ վտանգելով իր ողջ կարիերան դրան հասնելու համար: Արդյունքն ավելի ապահով աշխարհն էր և ավելի մեծ ազատություն միլիոնավոր քաղաքացիների համար»:

«Նա վճարեց իր սեփական քաղաքական գինը»

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի փոխանցմամբ, Գորբաչովը վիթխարի փոփոխություններ է նախաձեռնել և գուցե դրա համար իր քաղաքական գինն է վճարել, բայց միևնույն է պատմությունը նրան կհիշի որպես «ֆանտաստիկ նշանակության մեծ գործ կատարած բարեփոխականի»:

Այսօր ամբողջ Արևմուտքն է հարգանքով հիշում Գորբաչովին: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նրան «խաղաղության պաշտպան» է անվանել:

Պաշտոնական Պեկինը հայտարարել է, որ երկարատև լարվածությունից հետո հենց Միխայիլ Գորբաչովի օրոք են էապես բարելավվել Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները:

Նրա թողած մեծ և կարևոր ժառանգության մասին է ուղերձում նշել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը:

Էմանյուել Մակրոնը և Շարլ Միշելը

«Գորբաչովն ազնիվ բանակցող էր, նրա խոսքին կարելի էր վստահել»,- ասել է ԱՄՆ-ի նախկին պետական քարտուղար Ջեյմս Բեյքերը:

«Ռոնալդ Ռեյգանի հիմնադրամը և ինստիտուտը ցավակցություն են հայտնում Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ, մարդ, ով ժամանակին Ռեյգանի ընդդիմախոսն էր, հետո դարձավ բարեկամը, մենք աղոթում ենք Գորբաչովի և նրա ընտանիքի համար»,- ասվում է Ռեյգանի հիմնադրամի ուղերձում:

«Պերեստրոյկային» հաջորդեց «պերեստրելկան»

Սովետական տաղտկալի կյանքի և ամենատարրական ապրանքի տոտալ դեֆիցիտի մասին պատկերացում չունեցող բարեկեցիկ Արևմուտքի լիդերներին և բնակիչներին ոգևորել են perestroika և glastnost եզրույթները:

Բայց բուն Խորհրդային Միությունն արդեն օրհասական վիճակում էր: Անջատական շարժումներ Բալթյան երկրներում, Անդրկովկասում, որտեղ անկախության պայքար են սկսել վրացիները, նրանցից անջատվելու կարգախոսներ են հռչակել աբխազները և հարավօսերը: Մեկնարկել է հայ-ադրբեջանական առճակատումը, ընդվզումներ Ղազախստանում, Կենտրոնական Ասիայի այլ հանրապետություններում:

«Մարդիկ ազատ չէին, նրանք երջանիկ չէին»

Այդ ամենն անծայրածիր երկրում ալյևս հնարավոր չէր զսպել: Կենտրոնաձիգ և կենտրոնախույս հոսանքների բախումն արյունահեղության է հանգեցրել: 1991 թվականի դեկտեմբերի 25-ին երեկոյան Կրեմլի տանիքից իջեցրել են ԽՍՀՄ դրոշը և բարձրացրել են Ռուսաստանի եռագույնը:

ԽՍՀՄ դրոշը կնոջ ձեռքում, արխիվ

«ԽՍՀՄ-ը զոհվել է հենց երկրի ներսում ընթացող կռիվներից: Մենք տեսնում էինք, որ երկիրը չի կարող հարմարվել գիտության և տեխնիկայի պահանջներին, ժամանակ չունի կառուցվածքային բարեփոխումներ իրագործել, սա էր առաջին հիմնական պատճառը։ Երկրորդ այն էր, որ մարդիկ ազատ չէին, նրանք երջանիկ չէին»,- 2001 թվականին Newsweek հանդեսին ասել է Միխայիլ Գորբաչովը: