Վենետիկում մեկնարկում է 79-րդ միջազգային կինոփառատոնը

Մի քանի ժամից Վենետիկում կմեկնարկի 79-րդ միջազգային կինոփառատոնը։ Աշխարհի ամենահեղինակավոր երեք կինոփառատոններից մեկի խաղարկային ֆիլմերի ժյուրին այս տարի ղեկավարելու է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջուլիան Մուրը։

Ժյուրիի կազմում ընդգրկված են նաև 2017 թվականին գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի արժանացած գրող և սցենարիստ Կաձուո Իսիգուրոն և իրանական ժամանակակից կինոյի ամենահայտնի կին ներկայացուցիչներից մեկը՝ դերասանուհի Լեյլա Խաթամին։

Փառատոնի բացման ֆիլմն է ամերիկացի ռեժիսոր Նոա Բաումբախի «Սպիտակ աղմուկը» կինոնկարը, որը հայտնի արձակագիր Դոն դե Լիլոյի համանուն գրքի էկրանավորումն է։ Գլխավոր դերը ֆիլմում խաղում է Ադամ Դրայվերը, որը 2019-ին արդեն իսկ աշխատել էր Նոա Բաումբախի հետ՝ «Ամուսնական պատմություն» ֆիլմում գլխավոր դերը խաղալով։

Դրայվերը հանրությանը հայտնի է նաև «Աստղային պատերազմների» վերջին երեք մասերից, ինչպես նաև Ջիմ Ջարմուշի «Պատերսոն» կինոնկարից։