Հեռավոր Արևելքում մեկնարկում են «Վոստոկ 2022» զորավարժությունները, որոնց մասնակցում են նաև Հայաստանն ու Ադրբեջանը

Հեռավոր Արևելքում գտնվող Պրիմորյեի երկրամասում այսօր կայացել է «Վոստոկ 2022» միջազգային ռազմավարական հրամանատարա-շտաբային զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը։ Զորախաղերին Ռուսաստանի Զինված ուժերի ստորաբաժանումներից բացի մասնակցում են նաև Չինաստանի, Հնդկաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Սիրիայի մի շարք այլ երկրների զինվորականներ՝ ընդհանուր առմամբ 14 պետություն։

«Նման ծավալի իրադարձությունը բազմաթիվ առումներով եզակի է։ Զորախաղերի ծավալը, մասնակիցների քանակն ու ներգրավումը, կիրառվող հատուկ ռազմական տեխնիկայի քանակը վկայում են համատեղ զորավարժությունների կարևորության աճի մասին», - հայտարարում էր Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Յունուս-Բեկ Եվկուրովը։

Ռուսական TACC գործակալության փոխանցմամբ՝ զորավարժություններին մասնակցում է շուրջ 50 հազար զինվորական, հինգ հազար միավոր զրահատեխնիկա,140 միավոր ռազմական ավիացիա և ավելի քան 60 ռազմանավ։ Զորավարժությունները շարունակվելու են մինչև սեպտեմբերի 7-ը։