Շոլց․ «Գորբաչովը համարձակ պետական գործիչ էր»

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց, արխիվ

«Գորբաչովը համարձակ գործիչ էր», - այսօր Բեռլինում հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Խորհրդային Միության վերջին ղեկավարի մահվանը նվիրված հատուկ հայտարարության մեջ։

«Միխայիլ Գորբաչովը համարձակ բարեփոխիչ էր և պետական գործիչ, որը բազմաթիվ քայլերի դիմելու խիզախություն ունեցավ։ Մենք չենք մոռանա, որ հենց վերակառուցումն էր, որ հնարավոր դարձրեց Ռուսաստանում ժողովրդավարության հաստատումը, դրա շնորհիվ Եվրոպայում հնարավոր դարձան ազատությունն ու ժողովրդավարությունը, միավորվեց Գերմանիան, իսկ «Երկաթե վարագույրն» անհետացավ», - հայտարարում էր Շոլցը։

Գերմանական կառավարության ղեկավարի խոսքով, սակայն, Գորբաչովի մահը համընկավ նրա հայրենիքում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունների հետ։

«Մենք գիտենք, որ նա մահացավ մի պահի, երբ ոչ միայն ժողովրդավարությունը Ռուսաստանում պարտություն է կրել, այլև այդ երկրի նախագահը Եվրոպայում նոր խրամատներ է փորում և սարսափելի պատերազմ է հրահրել հարևան Ուկրաինայի դեմ», - ասել է Օլաֆ Շոլցը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վախճանվել է Միխայիլ Գորբաչովը