Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով այսօր երեկոյան մեկնել է Բրյուսել։

Օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նախորդ հանդիպումը ևս կայացել է Բրյուսելում, երեք ամիս առաջ՝ մայիսի 22-ին, Եվրամիության խորհրդի նախագահի նախաձեռնությամբ:

Փաշինյանն ու Ալիևը այն ժամանակ պայմանավորվել էին սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների հանդիպում կազմակերպել: Հաջորդ օրը Երևանն ու Բաքուն գրեթե միաժամանակ հրապարակեցին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների կազմը: Մեկ օր անց դրանց ղեկավարները՝ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևն առաջին անգամ հանդիպեցին սահմանին՝ Երասխի ուղղությամբ: