Զոհված զինծառայողների ծնողները կրկին Դատախազության առջև էին՝ վարչապետին ձերբակալելու պահանջով

44-օրյա պատերազմի զոհերի ծնողներն այսօր կրկին Գլխավոր դատախազության առջև էին, պահանջելով ձերբակալել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մի քանի րոպեով նաև փողոց էին փակել։

Ծնողների պահանջի հիմքում վարչապետի հայտարարությունն է. Նիկոլ Փաշինյանը դեռ ապրիլին Ազգային ժողովում ասել էր, որ պատերազմը հնարավոր էր կանխել, արդյունքում կլիներ նույն իրավիճակը, բայց՝ առանց զոհերի։

Այս հայտարարությունից հետո ծնողները վարչապետի դեմ հանցագործության հաղորդում էին ներկայացրել, նրանք վերջին ամիսներին պարբերաբար ակցիաներ են իրականացնում Գլխավոր դատախազության շենքի առջև, նախ և առաջ պահանջելով 44-օրյա պատերազմին առնչվող քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավել։

Այսօր որդեկորույս ծնողները ցանկանում էին հանդիպում գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի հետ, ինչը, սակայն, տեղի չունեցավ. ոստիկանների միջոցով Գլխավոր դատախազությունից փոխանցեցին՝ բողոքների դեպքում՝ գրավոր դիմում ներկայացնել։