Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) մի քանի օր է սկսել է ուսումնասիրել խմելու ջուրը թանկացնելու «Վեոլիա ջրի» հայտը։ Ջրամատակարար ընկերությունն առաջարկում է խմելու ջրի մեկ խորանարդ մետրի դիմաց բնակիչներից գանձել 209 դրամ, գործող 200-ի փոխարեն:
Ընդ որում՝ սակագինը 20 դրամով արդեն բարձրացել էր տարեսկզբին, ջուրը ևս 9 դրամով թանկացնելու ֆրանսիական ընկերության հիմնավորումը համատարած գնաճն ու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն է:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքային խմբի անդամները որոշել են մոնիտորինգ անցկացնել, այսօր այդ հարցերն արդեն քննարկվել են: Նպատակը սակագնի գոյացման մանրամասները պարզելն է, կարգավորող մարմնի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանի խոսքով՝ արդեն նոյեմբերի 1-ին հստակ պատկեր կունենան:
«Ջրամատակարարման ծավալներով պայմանավորված լրացուցիչ ինչ ծավալ որ կարձանագրենք, դա որոշակիորեն իր ազդեցությունը կունենա, բայց դա բավարար չի լինի ամբողջ սղաճի ազդեցությունը մեղմելու համար: Իսկ սղաճի ազդեցությունը մեղմելու համար քննարկումներ կունենանք կառավարության հետ», - նշեց Ուլիխանյանը:
Արդյոք կառավարությունը պատրաստվո՞ւմ է սուբսիդավորել ջրի թանկացումը, նախորդ շաբաթ «Ազատության» տաղավարում տարածքային կառավարման և ներդրումների նախարար Գնել Սանոսյանն ասել էր՝ նման քննարկում արդեն ընթանում է, իր ղեկավարած գերատեսչությունն էլ դրան մասնակցում է: Այլ մանրամասներ կառավարությունից «Ազատությանն» այսօր չփոխանցեցին:
«Այդ քննարկումները կան, մենք այդ քննարկումներին մասնակից ենք, հիմնական քննարկումները, այո, զարգանում են այն ուղղությամբ, որ փորձենք ամեն ինչ անել, որպեսզի փոփոխություն չլինի, կամ եթե անհնար է ոչինչ չփոխել, այդ դեպքում պետությունը փորձի սուբսիդավորել, որպեսզի մեր բնակիչների համար ոչինչ չփոխվի», - նշել էր Սանոսյանը:
Մինչև «Վեոլիա ջուրը» ցանկանում է դարձյալ թանկացնել ջուրը, մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում բնակիչները շարունակում են ցայտաղբյուրների մոտ խմելու ջրի հերթ կանգնել: «Ազատության» տեսախցիկը դեռ շաբաթներ առաջ էր այդպիսի մի տեսարան արձանագրել, բնակիչներն ասացին՝ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջրի հերթ՝ 21-րդ դարում. քաղաքացիները դժգոհ են ջրի համից, հոտից ու սպասարկման որակից«Գյոզալ ջուրը փակին, արտեզյան ջուր են տալիս, փողն էլ ուզում են սովորական լավ ջրի», - ասաց բնակիչներից մեկը:
Երևանաբնակ Սուրեն Սահակյանն էլ երեկ Ֆեյսբուքում տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է իր տան ծորակից կապույտ ջուր հոսում: Հենց այդ հրապարակման տակ հարյուրավոր օգտատերեր իրենց դժգոհություններն էին արտահայտել «Վեոլիա ջրից» սպասարկման ու առհասարակ ջրի որակի վերաբերյալ։ Այս օրերին քիչ չեն նաև դժգոհությունները, որ ծորակից հոսող տհաճ հոտով ջուրը խմելուց հետո աղեստամոքսային համակարգի խանգարումներ են ունենում։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) պարբերաբար հայտնում են՝ ջուրը ստուգվում է՝ խախտումներ չկան։
Խմելու ջուր մատակարարող ընկերությանը պարբերաբար նաև «Ազատությունն» է դիմում, որ նա՛և այս բողոքների պատասխանները ստանանք, հարցազրույցից միշտ են հրաժարվում են՝ ընդգծելով ջրի սպառման ծավալներն աճել են, արտեզյան ջրերն են օգնության հասնում, հարցը կկարգավորվի։ Բազմաթիվ բողոքներ նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է ստանում, սակագնային քաղաքականության վարչության պետը, սակայն, ասաց այդ հարցը չի քննարկվում խմելու ջրի սակագնի բարձրացման հայտին զուգահեռ:
«Մեկը մյուսի հետ չի կապվում, որովհետև հստակ մեխանիզմը կա ամրագրված, բայց առանձին ջրի որակի հարցերը միշտ նայվում են, ու սպասարկման որակի հետ կապված, եթե որոշակի խախտումներ կան, պարտադիր պատասխանատվության միջոցներ կիրառվում են, հանձնաժողովն անում է միշտ, բայց դա ուղղակիորեն կապված չէ ջրի սակագնի հայտի ուսումնասիրության գործընթացի հետ», - ասաց Աշոտ Ուլիխանյանը:
«Վելիա ջուրը» 2017-ից է Հայաստանում իրականացնում խմելու ջրի սպասարկումը։ Այդ օրվանից մինչև 2021-ը ներառյալ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընկերությանը տուգանել է 9 անգամ, ընդհանուր 70 մլն դրամով։ Պատճառը՝ հանձնաժողովի պահանջները չկատարելն է, այդ թվում՝ բաժանորդների սպասարկման որակի ցուցանիշները չպահպանելը։ Արդյոք ջրի սակագինը կբարձրանա՞, թե՞ նույնը կմնա. այս որոշումը կայացնելու համար պետական կարգավորող մարմինը 80 օր՝ ավելի քան 2,5 ամիս ժամանակ ունի։