Փաշինյանն ու Պուտինն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում են կառավարությունից:

Բացի հայ-ռուսական օրակարգային մի շարք հարցերը, նրանք անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին: Մասնավորապես, ընդգծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը, ասված է երկու կողմերի տարածած նույնաբովանդակ հաղորդագրությունների մեջ:

Երկու երկրների ղեկավարները նաև շնորհավորել են միմյանց Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյա հոբելյանի առիթով, որը լրանում է այսօր` համոզմունք հայտնելով, որ «այսուհետ ևս հայ-ռուսական դաշնակցային փոխշահավետ հարաբերությունները տարբեր ոլորտներում կշարունակեն արդյունավետ կերպով զարգանալ ու ամրապնդվել»:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր նախատեսված հեռախոսազրույցի մասին` նշելով. «Այսօր Ռուսաստանի և Հայաստանի համար շատ կարևոր օր է։ 25 տարի առաջ մեր երկու երկրների միջև ստորագրվեց բարեկամության պայմանագիրը»:

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսով զրուցել էին նաև օգոստոսի 24-ին` կրկին քննարկելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: