Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱՏԷՄԻԳ) հավաքել է փորձագետների թիմ, որը հաջորդ շաբաթ պետք է այցելի Զապորոժիեի ատոմակայան: Այդ մասին հայտնել է The New York Times պարբերականը:
Թիմի կազմում են ԱՏԷՄԻԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին և 13 փորձագետներ, հիմնականում «չեզոք» պետություններից:
Ընդգրկված են փորձագետներ Ուկրաինայի բարեկամներ համարվող Լեհաստանից ու Լիտվայից և Ռուսաստանի բարեկամներ համարվող Սերբիայից ու Չինաստանից:
Թիմում են նաև Ալբանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հորդանանի, Մեքսիկայի և Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչները:
Այդ երկրները կամ հեռու են մնացել պատերազմից, կամ դրա ընթացքում Ռուսաստանի հետ բաց կապի ուղիներ են պահպանել:
Ոչ Միացյալ Նահանգները և ոչ էլ Մեծ Բրիտանիան, ըստ The New York Times-ի, Զապորոժիե մասնագետ չեն գործուղելու:
Զապորոժիեի ԱԷԿ-ն ամենախոշորն է Եվրոպայում և ունի վեց ռեակտոր: Դրանց կամ միջուկային թափոնների պահեստների միտումնավոր կամ պատահական թիրախավորումը կարող է հանգեցնել միջուկային համաեվրոպական աղետի:
Կողմերը միմյանց են մեղադրում ատոմակայանի շրջանում մարտական գործողություններ վարելու համար:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուսական բանակի հսկողության տակ, սակայն աշխատող անձնակազմն ուկրաինացիներ են: