Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Գերմանիայի կանցլերին անվանել է «տղա (պացան), ով բան չի հասկանում քաղաքականությունից»:
Լուկաշենկոն այդպիսի գնահատական է տվել այն կապակցությամբ, որ Օլաֆ Շոլցը հրապարակել է «տեղեկություն Վլադիմիր Պուտինի հետ դռնփակ խոսակցության ընթացքում քննարկված թեմայի վերաբերյալ»:
«Հավատացեք, իմ արձագանքը՝ նա պացան է, Շոլցը պացան է, ով քաղաքականությունից բան չի հասկանում և չի ուզում հասկանալ», - Մինսկի մեխանիկական գործարան կատարած այցի ընթացքում ասել է Լուկաշենկոն:
Ըստ Բելառուսի ղեկավարի, Շոլցն, իբր, ասել է, թե Պուտինն իր հետ զրույցում նշել է, որ «Բելառուսը և Ուկրաինան չեն կարող լինել ինքնիշխան և ինքնաբավ պետություններ»:
Լուկաշենկոյի փոխանցմամբ, Շոլցը չուներ նման տեղեկություն հրապարակելու իրավունք:
«Այդօրինակ զրույցները, սովորաբար, փակ բնույթ ունեն: Նման խոսակցության բովանդակություն կարելի է հրապարակել միայն լսափողի մյուս կողմը գտնվող զրուցակցի թույլտվությամբ: Նա պարտավոր էր խնդրել, ասել, որ ուզում է հրապարակել»,- ասել է Լուկաշենկոն:
«Կարևորը ոչ թե այն է, թե ինչի մասին են խոսել Պուտինը և Շոլցը, կարևորն այն է, ինչ ես եմ ասում՝ մեր երկրի ինքնիշխանությունը և անկախությունն անփոփոխ արժեքներ են: Վե՛րջ»,- ասել է Լուկաշենկոն:
Նա հայտնել է, որ Բելառուսի Սու-24 տեսակի ինքնաթիռները «կարող են Արևմուտքի կողմից սպառնալիքի դեպքում նաև միջուկային սպառազեն կրել»:
«Նրանք [Արևմուտքը] պետք է գիտակցեն, որ ոչ մի ուղղաթիռ կամ ինքնաթիռ չի փրկի, եթե գնան սրման: Մենք մի անգամ Պուտինի հետ ասել ենք, որ վերազինելու ենք նաև բելառուսական օդանավերը: Կարծում եք, դատարկ խոսակցություններո՞վ ենք զբաղված: Ամեն ինչ արդեն պատրաստ է»,- հայտարարել է Լուկաշենկոն: