44-օրյա պատերազմից ավելի քան երկու տարի անց՝ այսօր, Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է Լաչինում տեղակայվելու մասին։
«Այսօր մենք՝ ադրբեջանցիներս, վերադարձանք Լաչին քաղաք, ադրբեջանական բանակը տեղակայվել է Լաչինում: Զաբուղ և Սուս գյուղերը վերահսկողության տակ են», - Թվիթերում գրել է Իլհամ Ալիևը՝ հայտնելով ադրբեջանական զինուժի Լաչին մտնելու մասին:
Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ևս այս առիթով Թվիթերում գրել է, թե «Լաչինը, ինչպես նաև ազատագրված մյուս տարածքները վերածնվելու են»:
Զուգահեռաբար Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն է տեսանյութ տարածել՝ հայտնելով, որ շարունակվում են զինված ստորաբաժանումների տեղակայումը նոր կետերում: Բացի այդ, Լաչին է բերվել Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության 9 միավոր տեխնիկա 46 հոգանոց անձնակազմով: Նախագահ Ալիևի կարգադրությամբ, Լաչին է մտել նաև Ազերէներժիի շարասյունը՝ համապատասխան մասնագետներ և տեխնիկա, այստեղ էներգետիկ ենթակառուցվածքների և էներգամատակարարման վերականգնման աշխատանքների համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն «պատրաստվում է ադրբեջանցիներով վերաբնակեցնել» Լաչինն ու հարակից գյուղերը. ԱլիևԵրկու շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե Բաքուն պատրաստվում է ադրբեջանցիներով վերաբնակեցնել Լաչինը, Աղավնոն և Սուսը ու այդ նպատակով արդեն կարգադրել է տեղահանվածների հարցերով զբաղվող պետական կոմիտեին կապվել այդ շրջանների երբեմնի բնակիչների հետ:
Անցած շաբաթ այդ կառույցը արդեն հանդիպել է լաչինցիների հետ ու քննարկել նրանց վերադարձի հետ կապված հարցեր, բայց կոնկրետ երբ է սկսվելու այդ գործընթացը, դեռ հայտնի չէ:
Լաչին քաղաքը, Աղավնո և Սուս գյուղերը ադրբեջանական վերահսկողության տակ անցան 44-օրյա պատերազմից հետո ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն: Չնայած Հայաստանը Ղարաբաղին կապող նոր միջանցքի նախագիծը համաձայնեցնելու համար երեք տարի էր տրված, Բաքուն չցանկացավ այդքան երկար սպասել: Երեկ արդեն ադրբեջանական լրատվամիջոցներով տեսանյութեր էին տարածվել, թե ինչպես են ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքում ապամոնտաժման աշխատանքներ տանում՝ պատրաստվելով հեռանալ։
Այսօր Թուրքիայի արտգործնախարարությունն է հայտարարություն տարածել՝ ուրախությամբ փաստելով ադրբեջանցիների մուտքը Լաչին: «Հուսով ենք, որ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման կարևոր փուլ դարձած այս իրողությունը, կնպաստի ինչպես Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանային կարգավորմանը: Թուրքիան ինչպես նախկինում, այսուհետ ևս սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,-ասված է Անկարայի հաղորդագրության մեջ:
Ի դեպ, Թուրքիայում հավատարմագրված շուրջ յոթ տասնյակ դիվանագետներ և ռազմական կցորդներդ այսօր ուղևորվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ֆիզուլի և Շուշի: Երկօրյա այցի ընթացքում Բաքվում դիվանագիտական առաքելություն իրականացնող գործընկերների հետ ծանոթանալու են տեղում տարվող վերականգնողական աշխատանքներին: Դատելով հրապարակված լուսանկարներից, Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանները հյուրերի թվում չեն եղել: