Baykar թուրքական ընկերությունը հայտնել է, որ հնարավոր չի համարում Bayraktar տեսակի մարտական անօդաչու թռչող սարքերի տրամադրումը Ռուսաստանին, BBC ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարն։
«Փողը մեզ համար առաջնահերթություն չէ, փողը և նյութական ռեսուրսները երբեք մեր նպատակը չեն եղել բիզնեսում: Ուկրաինայի հետ մեր բարեկամությունը և համագործակցությունն արդեն շատ տարիներ են տևում: Դրա համար էլ ինչքան էլ մեզ փող առաջարկեն՝ նույնիսկ խոսք չի կարող լինել այն մասին, որ մենք այս իրավիճակում նրանց {ռուսներին} փոխանցեինք ԱԹՍ-ները»,- հայտարարել է Հալուք Բայրաքթարը:
Նա ընդգծել է, որ իր ընկերությունը «միանշանակ Ուկրաինայի կողմից է, և ոչինչ չի խաթարի Ուկրաինայի հետ համագործակցությունը, ինչ գումար էլ որ առաջարկվի»:
Թուրքիան վերջին տարիներին հիմնել է մարտական ԱԹՍ-ների արտադրությունը և կարողացել է ոչ միայն բավարարել սեփական կարիքներն, այլև արտահանել Bayraktar TB-2 տեսակի ԱԹՍ-ն:
Դրանք ձեռք են բերել Ադրբեջանը, Քաթարը, Լիբիան, Մարոկկոն, Լեհաստանը և Ուկրաինան: Այդ ԱԹՍ-ներն օգտագործվել են Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում: