Պետք է հնարավորինս շուտ համաձայնության գալ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Դիմադրելու ի՞նչ ռեսուրս ունի այսօր Հայաստանը, եթե Ադրբեջանն ուժի սպառնալիքով, երբեմն նաև կիրառմամբ, օրինակ, պարզ լուծում է Լաչինի ճանապարհի հարցը:
Վարդան Հարությունյան. - Հայաստանի իշխանությունները պետք է հաշվի առնեն ստեղծված իրավիճակը, որ կա 2020 թվականի նոյեմբերի 20-ից հետո, և հասարակությունն ու իշխանությունները պետք է ձերբազատվեն այն բառապաշարից, որը մենք ունեինք մինչև 2020 թվականի աշունը, և այն պատկերացումներից, որ պատկերացումները, որ մենք ունեինք մինչև 2020 թվականի աշուն: Հիմա բոլորովին այլ իրավիճակ է, և մեր դիրքորոշումը, մեր բառապաշարը, վարքագիծը պետք է բխի նոր իրավիճակից ու հարմարեցվի նոր իրավիճակին: Իսկ ո՞րն է նոր իրավիճակը, նոր իրավիճակը՝ Հայաստանը պարտված է, Հայաստանը չունի ռազմական հնարավորություններ՝ դիմակայելու բախումներին, փորձը ցույց է տալիս, որ բոլոր բախումների արդյունքում էլ մենք նահանջ ենք գրանցում: Ուրեմն ի՞նչ պետք է անի Հայաստանը, պետք է խուսափի այդ բախումներից: Եթե Հայաստանը, կլինի դա Լաչինի ճանապարհի խնդիրը, կլինի Ադրբեջան-Նախիջևան ճանապարհների մասին հայտարարությունը, որ վարչապետն արեց կառավարության նիստին, որ կան երեք ճանապարհներ, ազատ կարող են գնալ-գալ, կլինի Հայաստան-Ադրբեջան սահմանազատման, սահմանագծման աշխատանքները, որոնց մեջ ներգրավվելու, ըստ էության, Ադրբեջանը նույնպես պարտադրեց Հայաստանին, ես կարծում եմ, որ Հայաստանյան իշխանությունները պետք է բավականին խոհեմ լինեն և հաշվարկեն իրենց քայլերն ու ճիշտ ժամանակին անեն այն զիջումը, որը կարելի է ճիշտ ժամանակին անելու դեպքում ներկայացնել որպես փոխհամաձայնություն, այլ ոչ հասցնել բախման, կորուստներ ունենալ, նահանջել և այդ նույն զիջումը անել, որը կգրանցվի արդեն ոչ թե որպես փոխհամաձայնություն, ոչ թե բարի կամքի դրսևորում, ոչ թե խաղաղությանն ուղղված և ապագա հնարավոր պայմանագրի հաստատմանը ուղղված քայլ, այլ որպես հերթական զիջում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երեք նոր մաքսակետերը «գործելու են ՀՀ և ԵՏՄ մաքսային օրենսդրության համապատասխան»Մենք ըստ էության և՛ Լաչինի ճանապարհի պարագայում, և՛ Նախիջևան-Ադրբեջան ճանապարհների պարագայում ու արդեն ասացի՝ սահմանագծման, սահմանազատման խնդրում փոխանակ արագ ներգրավվենք գործընթացի մեջ ու փորձենք որոշ չափով կամ ինչ-որ չափով, որքան կկարողանանք, կառավարել գործընթացը, դրա փոխարեն մենք ձգում ենք խնդիրը մինչև ամենավերջին պահը, երբ արդեն հակառակորդն անցնում է հարձակման, երբ մենք արդեն նահանջում ենք ու էլ տեղ չունենք, այդ ժամանակ նոր զիջում ենք: Դա ամենասխալ ճանապարհն է, որ 2020 թվականի նոյեմբերից հետո կարելի էր ընտրել, մերոնք, ցավոք, ընտրել են այդ ճանապարհը ու այս ողջ ընթացքում մենք դա ենք տեսնում:
Եթե մենք ճիշտ ժամանակին ներգրավվեինք հենց ամենասկզբից սահմանազատման և սահմանագծման աշխատանքների մեջ, ասեինք՝ այո, սահմանազատվում ենք, այո, աշխատում ենք, ադրբեջանցիների, չեմ ասում 100 տոկոսով, բայց Հայաստանի պետական սահմանը հատելու ու Հայաստանի տարածքում տեղակայվելու, ինչպես Սյունիքում է և ինչ-որ տեղերում, գուցե չլիներ: Նրանք արեցին այդ քայլերը, որպեսզի պարտադրեն մեզ ներգրավվել այդ գործընթացի մեջ:
«Ազատություն». - Մյուս կողմից դա չի՞ նշանակում ընկնել զիջումների շրջափուլի մեջ՝ մեկը մյուսի հետևից, որի վերջը կարող է չերևալ:
Հարությունյան. - Ես չեմ ասում զիջումների, ես ասում եմ փոխհամաձայնությունների մասին: Եթե մենք կարողանում ենք մեր այդ քայլերը զիջումներ անվանենք, եթե մենք կարողանում ենք դա ճիշտ ներկայացնել և՛ աշխարհն, և՛ մեր հարևաններին, և՛ մեր հանրությանը, ապա դրանք, այո, զիջումներ չեն դիտարկվում, այլ փոխհամաձայնություն են որպես դիտարկվում, և այդ փոխհամաձայնությունների արդյունքում գալիք զիջումների հնարավորությունը պակասում է: Բախումները նոր կորուստներ են բերում, տարածքային կորուստներ, դիրքային կորուստներ, որոնք հետագայում շատ ավելի ծանր կարող են նստել մեր վրա: Մի դիրք գրավելուց հետո նրանց մոտ առաջանում է հաջորդ դիրքը գրավելու ցանկությունը:
«Ազատություն». - Իսկ ինչո՞ւ ռուսական զինուժը դա էլ չի կանխում:
Հարությունյան. - Ռուսական զինուժը դա կանխելու խնդիր չունի: Երբ որ նրանց առջև կդրվի այդ խնդիրը Մոսկվայից, նրանք դա կանեն: Այսօր ռուս-ուկրաինական պատերազմի պարագայում, դա մեծ պատերազմ է, մոտավորապես ամբողջ աշխարհն է ներգրավված այդ պատերազմի մեջ, ճիշտ է՝ տեղի է ունենում Ուկրաինայի տարածքում ու կռվում են իրար դեմ ռուսներն ու ուկրաինացիները, բայց դա շատ ծավալուն պատերազմ է, ու այդ պատերազմում Ռուսաստանը մեն-մենակ է, ու Ռուսաստանի հետ քիչ թե շատ հարաբերություններ պահող երկիրը Թուրքիան է, որը , բնականաբար, դրա դիմաց բազմաթիվ զիջումներ պետք է պահանջի Ռուսաստանից ու այդ զիջումներից մեկը պետք է լինի Արցախը, Արցախի խնդիրը, հայ-ադրբեջանական հարաբերությունները:
Թուրքերն այս հարցում բավականին ազնիվ են, նրանք բաց տեքստով են այդ մասին խոսում, նրանք չեն թաքցնում մեզանից՝ Հայաստանից, միջազգային հանրությունից չեն թաքցնում, բաց տեքստով արտգործնախարարի մակարդակով, իրենց վարչապետի մակարդակով հայտարարում են, որ իրենք շահագրգռված են լուծել այստեղ հայ-ադրբեջանական խնդիրը՝ ելնելով ադրբեջանական շահերից: Մենք պետք է դա հասկանանք և պետք է հասկանանք, որ Մոսկվայի հնարավորությունները՝ Թուրքիային «ոչ» ասելու, շատ սող են, շատ քիչ են: