Երևանն այսօր հակադարձել է Բաքվի պնդումներին, թե ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Մինսկի խումբն այլևս անելիք չունի:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային մանդատ` աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորմանը, և այս մանդատը որևէ մեկը չի չեղարկել»,- արձագանքելով Բաքվից հնչած կոշտ արձագանքին՝ «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Միջնորդական խմբի շուրջ բանավերը կրկին օրակարգ եկավ երեկ, երբ ԱՄՆ պետքարտուղարը ամերիկացի նոր համանախագահ ու կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական նշանակեց փորձառու դիվանագետ Ֆիլիպ Ռիքերին, ընդգծելով՝ «Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ»։
Ադրբեջանի արտգործնախարարությունից Բլինքենի հայտարարությունը որակեցին «տարածաշրջանում ստեղծված հետկոնֆլիկտային իրողություններից հեռու մոտեցում»։ Հայտարարեցին՝ «ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, անգամ սպառնացին, թե գրեթե չգործող Մինսկի խումբը «վերակենդանացնելու փորձերով» Ամերիկան կարող է դուրս մնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից։
Ժամեր անց, առանց լեզվակռվի մեջ մտնելու, Վաշինգտոնից վերահաստատեցին՝ դեսպան Ռիքերի նշանակմամբ «հանձնառու են նպաստելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը՝ երկկողմ, բազմակողմ ձևաչափերով՝ հասնելու երկու երկրների միջև համապարփակ խաղաղ կարգավորմանը»: Պետքարտուղարության Գլոբալ հանրային կապերի բյուրոյի փոխխոսնակ Վեդանթ Պատելը, սակայն, այս անգամ իր խոսքում Ղարաբաղը չէր հիշատակել։
44-օրյա պատերազմից հետո՝ մոտ երկու տարի, եռանախագահության մակարդակով բանակցությունները, փաստացի, փակուղում են։ Չնայած Հայաստանը պնդում է հակամարտությունը հենց այս ձևաչափով կարգավորելու անհրաժեշտությունը, Ադրբեջանը հրաժարվում է վերադառնալ բանակցություններին՝ հայտարարելով՝ նման հարց այլևս գոյություն չունի։
Ադրբեջանին անհանգստացնում է իր մոտեցումներին տրամագծորեն հակադիր Ամերիկայի հայտարարությունը. քաղաքական մեկնաբան
Ադրբեջանին անհանգստացնում է իր մոտեցումներին տրամագծորեն հակադիր Ամերիկայի հայտարարությունը, քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը այսպես է մեկնաբանում Բաքվի կոշտ արձագանքը ամերիկացի նոր համանախագահին։
«Այդ հայտարարությունները լիովին հակոտնյա են այն մոտեցումներին, որ արտահայտում է Ադրբեջանը, այսինքն՝ չկա Ղարաբաղի հարց: Ամեն անգամ այդօրինակ հայտարարություններ, որ հնչում են այլ երկրներից՝ մասնավորապես գերտերություն Միացյալ Նահանգներից, որը խոշորագույն խաղացող է և Կովկասում դրսևորում է ակտիվություն, այս ամենը Բաքվին անհանգստացնում է: Չնայած այդ հայտարարություններին՝ Բաքուն շատ լավ տեսնում է, որ թեև համանախագահության ձևաչափը փաստացի չի աշխատում շատ հայտնի աշխարհաքաղաքական պատճառներով, այդուհանդերձ որևէ երկիր չի հրաժարվում այդ ձևաչափից: Իսկ քանի դեռ հրաժարվելու գործընթաց չկա, մշտապես առկա է ինչ-որ անհրաժեշտությունից ելնելով այդ ձևաչափին վերադառնալու ռիսկ ադրբեջանի համար», - ասաց Բադալյանը:
Ադրբեջանում կարծում են, թե իրենք կարող են որոշել` ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ նշանակի, թե չնշանակի, երեկ հայտարարել էր Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, պնդելով, թե ռազմական հաջողությունը կուրացնում է, իսկ հետո անհաջողությունների հիմք դառնում:
Իրավիճակն է թույլ տալիս Բաքվին այդպիսի հանդուգն հայտարարություններ անել, կարծում է քաղաքական վերլուծաբանը՝ հիշեցնելով՝ Ռուսաստան-Արևմուտք հակամարտության ֆոնին Ադրբեջանը Եվրամիության համար դարձավ էներգետիկ ռեսուրսների պահանջված աղբյուր։
«Միացյալ Նահանգները և Ադրբեջանը բացարձակ տարբեր քաշային կատեգորիայի խաղացողներ են ու իրական քաղաքականության ռեժիմում նույնիսկ ծիծաղելի է մտածել, որ Ադրբեջանը կարող է որոշել Միացյալ Նահանգներին խաղից դուրս թողնել-չթողնելու հարց: Այս տեսանկյունից կարող ենք դիտարկել տարբերակ, որ Ադրբեջանի այդ հայտարարությունները արտահայտում են Ռուսաստան, Իրան, Թուրքիա այս ռեգիոնալ տրամադրությունները, դրանք են խոսում Ադրբեջանի շուրթերով, բայց միևնույն է Միացյալ Նահանգները այնպիսի խոշոր խաղացող է, որ եթե կա տրամադրվածություն ռեգիոնում, ակտիվ քաղաքականության իմաստով, ապա նույնիսկ Ռուսաստան-Թուրքիան-Իրան եռյակն ի վիճակի չի լինի դուրս մղել Միացյալ Նահանգներին ռեգիոնից: Պատահական չէ, որ նշանակվում է աննախադեպ բարձր ռանգի պաշտոնյա: Դա նշանակում է, որը միտված է Եվրասիական ռեգիոնի մասշտաբով ամերիկյան քաղաքականությանը ակտիվացնելուն», - ընդգծեց Բադալյանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը՝ Ֆիլիպ Ռիքերը ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնականի նախկին պաշտոնակատար է, նախորդ տարվա տարածաշրջանային այցի ընթացքում «Ազատության» հետ զրույցում էր ասել՝ պետք է վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին։