Լաչինի հանձնումը տեղի է ունեցել այլ գաղտնի պայմանավորվածություններով՝ մեզ բոլորիս դնելով փաստի առաջ Գեղամ Նազարյան

«Ազատությունը» հյուրընկալել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին։

«Ազատություն». - Դուք համաձա՞յն եք այդ թվում և իշխանության քննադատների հնչեցրած տեսակետի հետ, որ այո, անխուսափելի էր Լաչինի հանձնումը՝ Բերձոր, Աղավո, բայց ձևն էր ողբերգական։ Կարելի էր էս լարումից, զոհերից խուսափելով դա անել։

Նազարյան. - Ես ընդհանրապես չեմ կարծում, որ մենք ստիպված էին էդ երեք բնակավայրերը հանձնել, որովհետև նոյեմբերի 9-ի համաձայնագրում դրա մասին ոչ մի տառ, խոսք չկա։ Դա տեղի է ունեցել այլ բանակցություններով, այլ գաղտնի պայմանավորվածություններով՝ մեզ բոլորիս դնելով փաստի առաջ։

«Ազատություն». - Թույլ տվեք մեջբերել 6-րդ կետը. «Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո խաղաղապահ զորակազմը կտեղակայվի այդ երթուղին պաշտպանելու...

Նազարյան. - Դուք ասեցիք՝ երեք տարվա ընթացքում պետք է հաստատվի նախագիծ։ Այսօր երկու տարին էլ դեռ չի անցել, բայց Բերձորը, Սուսը և Աղավնոն փոխանցվեցին թշնամուն՝ և մեր ազգին, ժողովրդին բնորոշ հիվանդագին բոլոր դրսևորումներով՝ ողբերգությամբ, հնարավորին չափ աղեկտուր, հնարավորին չափ լացուկոծով։ Ես անդադար արժանանում եմ ինչ-որ դիմադրության, երբ որ պարզ բաներ եմ ասում. եթե դա որոշած էր, որ արդեն հանձնվի, ինչի՞ եք աղեկտուր ձև, ինչի՞ եք նոր մարդկանց կոտրում, երեխաների կոտրում, էդ տեսարանները նայող մարդկանց։

«Ազատություն». - Իսկ ի՞նչ պիտի ասել Հայաստանի իշխանությունը, եթե արդեն Բայրաքթարներ էին օդ բարձրանում երկու տարին չլրացած։ Ուժի սպառնալիք կար։

Նազարյան. - Ուժի սպառնալիքը հակազդվում է ուժով և բանակցություններով՝ եթե դու կամք ունես։ Բայց եթե պարզվում է, որ մինչչև էդ Բայրաքթարները օդ բարձրանալը արդեն իսկ կար պայմանավորվածություն, էդ մասի՞ն ինչ կասեք։ Ժողովուրդը մինչև ե՞րբ պետք է ձևացնի, կամ իրական խաբված վիճակում ապրի։ Ինչի՞ արցախցին և երևանցին Նիկոլ Փաշինյանին ու Արայիկ Հարությունյանին չեն գնում ու հարց տալիս կոնկրետ՝ Նիկոլ և Արայիկ, ե՞րբ եք պայմանավորվել։

«Ազատություն». - Եթե կար պայմանավորվածություն, լարում կլինե՞ր։

Նազարյան. - Եթե չլիներ պայմանավորվածություն, ադրբեջանցիները ուղեղից թո՞ւյլ էին, որ իրենց հաշվին էդ ճանապարհը կառուցեին։

«Ազատություն». - Դե երեք տարում պիտի կառուցեին։

Նազարյան. - Չէ, պետք է նախագծվեր, հաստատվեր եռակողմ ձևով։ Եթե մեզնից թաքուն, գաղտնի գնացել են, պայմանավորվել են... Մի քանի օր առաջ տեսա՞ք ինչ կադրեր հրապարակվեցին։ Ադրբեջանցիները եկել են և Սարսարգի ջրամբարի մոտ գրկախառնվելով հայկական կողմի հետ, նայում են, թե համատեղ էս ջրամբարը ոնց պիտի օգտագործեն։ Եվ ես հարց եմ տալիս՝ այ անբարոյականնե'ր, եթե կարող էիք արդբեջանցիների հետ գրկախառնվելով Սարսանգի ջրամբարի օգտագործման հարց [քննարկել], բա ուզում էին Աբգարին սպանեիք, նոր դա անեի՞ք։ Հարցը մնալու է չէ՞ իմ մեջ... ու էսպես չորս հազարից ավելի ծնողների հետ։ Ու էդ հարցը մի օր այլ ձևակերպում ու այլ դրսևորում է ստանալու, չէ՞։

«Ազատություն». - Պարոն Նազարյան, գնալո՞ւ եք աշնանային նստաշրջանին։

Նազարյան. - Մենք երբեք Ազգային ժողովից չենք բացակայել։ Մենք, Հայաստանի, հայ ժողովրդի շահերից ելնելով, նիստերի մասնակցությունը բոյկոտել էինք ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար։ Մենք անդադար աշխատում ենք որպես պատգամավոր։ Թե ինչ ձևաչափով մենք կաշխատենք, դեռ քննարկումները շարունակվում են, դեռ մեր մոտ էլ վերջնական որոշում չկա, թե ինչ ձևով դա պետք է լինի։ Սեպտեմբերի առաջին օրերին էդ հարցն էլ կորոշվի, նոր կհասկանանք։

«Ազատություն». - Բայց կա արդեն հանրահավաքի որոշում սեպտեմբերի սկզբին։ Պարոն Նազարյան, համոզվել եք չէ՞, որ էդ ճանապարհով չեք հասել իշխանափոխության։

Նազարյան. - Սեպտեմբերի 2-ն է, ասեմ։ Առաջին հերթին մենք ելնում եք հիշեցնելու, որ մենք ունենք Արցախ, որը վիրավոր է, բայց կա։ Ու ես վստահ եմ, որ մենք էլ, մեր բոլոր առողջ ուժերով, էս երկիրը սիրող [մարդիկ] մեզ օգնելու են, որ Արցախը ոտքի ա կանգնելու, Արցախը լինելու ա հայկական։ Ես չեմ ուզում էդ մինորային տոների մեջ՝ էս ենք տալու, էն ենք տալու... ոչ, մենք պետք է պայքարենք, որ չտանք։ Մենք պետք է պայքարենք, որ այլևս նույնիսկ հումորով չասենք՝ դե հեսա էս էլ ենք տալու, էն էլ ենք տալու։ Գիտե՞նք վտանգ ա սպառնում Սյունիքին, էկեք մտածենք ոնց ենք կանխում։

«Ազատություն». - Ունե՞ք ակնկալիքներ ամսի 31-ին Փաշինյան - Ալիև բանակցություններից։

Նազարյան. - Հույս ունեմ, որ էդ պայմանավորվածությունները չկատարվեն։ Ես մտավախություն ունեմ, որ էդ հանդիպումը կարող է Հայաստանի համար ծանրագույն հետևանքներ ունենալ։ Բայց ես մեր հանրությանը կոչ եմ անում, որ համարժեք ձևով արձագանքեն։

«Ազատություն». - Ի՞նչ պայմանավորվածություն։

Նազարյան. - Ի վնաս Հայաստանի։ Ի վնաս հայ ժողովրդի, մեր Արցախի, մեր Տավուշի, մեր Սյունիքի։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.