Կառավարությունը ցայսօր չի փոխհատուցել պատերազմի ժամանակ քաղաքացիներից ներգրավված բեռնատարների համար 

Վարուժան Սարգսյանը արդեն երկու տարի է՝ Արարատի մարզի Այգեզարդ գյուղից Երևան է գալիս՝ Պաշտպանության նախարարություն ու ձեռնունայն հեռանում։ Նախարարությունը 44-օրյա պատերազմի ժամանակ վերցրել էր գյուղացու Урал-ը, որով նա ընտանիքի ապրուստն էր վաստակում։

«Երկու ամիս անցավ, մի հատ էլ գրել տվին, էլի նույն բանը, էլի հանձնաժողով պիտի ստեղծենք, մինչև հիմա հանձնաժողով են ստեղծում: Մեզ կոնկրետ բան չեն ասում, խաբում են ամեն անգամ: Գնացինք Պաշտպանության նախարարություն, դիմում գրեցինք, ասին` դիմում գրեք, տվեք, մենք ձեր դիմումի պատասխանը կտանք: Դիմումը գրեցինք, տվեցինք, էնդտեղից փոշտն էլ գցել ենք, էն դիմումը գնաց ու գնաց, չերևաց», - Ազատությանը» պատմեց նա` շարունակելով. «Մեքենան վայենկոմատից կանչել են, տարել են, ես էլ հետներն եմ գնացել, ես էլ եմ մասնակից եղել էնդեղ»:

Վարուժան Սարգսյանը

Պաշտպանության նախարարությունը միայն մեքենան էր պահանջել, բայց 61-ամյա Սարգսյանը որոշել է ինքն էլ գնալ պատերազմ։ Առաջնագծում՝ ռազմական գործողությունների ժամանակ, անձամբ է տեսել՝ ինչպես է սեփական մեքենան խոցվում ադրբեջանական կրակից. «Մենք սնարյադ էինք կրում, մատակարարում էինք սնարյադ, վերջում սնարյադները մնացին վերջ, որ պիտի նորից տեղափոխեինք, էդ վախտ արդեն խփեցին սնարյադը մեջը»:

Թեև պաշտպանության ու ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքներով կառավարությունը պարտավոր է փոխհատուցել ռազմական դրության ժամանակ քաղաքացիներից ներգրավված տրանսպորտային միջոցների կորուստը, սակայն Վարուժան Սարգսյանի դիմումները այդպես էլ չեն բավարարվել։ Բոլոր փաստաթղթերը հավաքել է, պատճեններն ուղարկել կառավարություն:

«Թղթերը, որ էնդտեղից ուղարկել են մեզ ավտոյի մոմենտով, որ մենք ներկայացնենք, որ ավտոն տրաքել է, որ մենք հանձնենք այնտեղ` Պաշտպանության նախարարություն, սաղ թղթերը կան էստեղ», - ցույց տալով թղթերն ասաց նա:

Ինչո՞ւ են Սարգսյանի դիմումները մինչ օրս անպատասխան՝ «Ազատությունը» այս հարցով դեռ անցած շաբաթ դիմել է Պաշտպանության նախարարություն։ Մինչ այժմ չեն պատասխանել։ Անցած շաբաթ «Ազատության» եթերում տարածքային կառավարման նախարարն ասել էր, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջիկայում պետք է գույքագրի ու գնահատի պատերազմի ժամանակ քաղաքացիներից ներգրավված մեքենաները՝ փոխհատուցում տրամադրելու համար։ Թե կոնկրետ երբ, և ինչու դա չի արվել անցած երկու տարիներին, նախարարը չէր հստակեցրել։

Նախարար Գնել Սանոսյանը «Ազատության» տաղավարում

«Իսկապես բավականին երկար տևեց, որը օբյեկտիվ դժգոհություն է բերել մեր օգտատիրոջ և այլ հայրենակիցների մոտ, բայց պետք է ասել, որ վերջապես գործընթացն ընթացքի մեջ է` մենք արդեն մեկ կառավարության որոշում ունեցել ենք, եթե թիվը ճիշտ եմ հիշում` 27 կամ 29 մեքենա արդեն ընդգրկվել է այդ ցանկի մեջ, և փոխհատուցման գործընթացը կլինի, որից հետո մյուսները», - տեղեկացրել էր նախարար Սանոսյանը:

Առաջին խմբով, ըստ պաշտոնական փաստաթղթերի, փոխհատուցում է ստացել 17 հոգի։ Ինչպե՞ս են ընտրվել հենց այս անձինք՝ հստակ չէ։ Փաստ է, սակայն, որ կառավարությունը որոշել է առաջին հերթին փոխհատուցում տրամադրել ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, Ավանի աղի կոմբինատին ու մի քանի այլ ընկերությունների։ Ընդհանուր առմամբ, 17 մեքենաների համար կառավարությունը հատկացրել է 31.1 միլիոն դրամ։ Վարուժան Սարգսյանի բազմաթիվ դիմումները, սակայն, մնացել են անարձագանք։

«Չեմ կարում աշխատեմ, մեքենան էր ինձ պահում, մեքենայով էի աշխատում, ընտանիքս պահում էի լավ, պրոբլեմ չենք ունեցել, դաժե պարտքով փող էլ եմ տվել: Ես լավ եմ ապրել, չեմ ասում` վատ եմ ապրել, մեքենայովս շատ լավ ապրում էի, բայց որ չկա, չեմ կարում արդեն», - նշեց նա:

«Ազատությանը» հայտնի է առնվազն երեք նման դեպք, երբ 44-օրյա պատերազմի ժամանակ կառավարությունը բեռնատարներ է ներգրավել քաղաքացիներից ռազմական նպատակների համար, այդ մեքենաները ոչնչացվել են, սակայն սեփականատերերն առ այսօր փոխհատուցում չեն ստացել։

«Երկու ամիս առաջ էր երևի, եկավ վարչապետը, ես անձամբ մոտեցա, խնդրանքով դիմեցի, ասում եմ` պար՛ն վարչապետ, իմ մեքենան դիրքերում տրաքել է, ինձ վայենկոմատով են տարել, դիրքերում տրաքել է, էդ մեքենան իմ ընտանիքն էր պահում, ես հիմա չեմ կարում ապրեմ, ո՞նց ենք անելու: Բա` էդ Ձեր մեքենայի փոխհատուցում չե՞ն տվել, ասացի` ոչ մի բան էլ չեն տվել: Էսքան բան, ասացի ու գնացի», - ասաց Վարուժան Սարգսյանը: